Ե՞րբ և ի՞նչ կարգով են հարկ վճարողներին հանվում հաշվառումից

Օրենքով սահմանված կարգով գրանցում ստացած կազմակերպությունները լուծարման (հաշվառված անհատ ձեռնարկատերերը` գործունեության դադարեցման) համար դիմում են ներկայացնում պետական ռեգիստրի մարմին, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

Հարկ վճարողից լուծարային հաշվարկները և հաշվետվություններն ստանալուց հետո հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնում է լուծարային ստուգում:

Օրենքով սահմանված կարգով հարկ վճարողների մոտ իրականացված լուծարային ստուգման արդյունքներով հարկ վճարողներին տրամադրվում է տեղեկանք պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների վերաբերյալ:

Կազմակերպությունը համարվում է հանված հարկային հաշվառումից՝ այդ մասին հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների վերաբերյալ տվյալների միասնական ռեեստրում համապատասխան գրառում կատարելու պահից:

Ֆիզիկական անձը համարվում է հանված հարկային հաշվառումից՝ այդ մասին հարկային մարմնում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրում համապատասխան գրառում կատարելու պահից:

Ֆիզիկական անձի մահվան դեպքում հարկային մարմինը սահմանված կարգով նրան հանում է հարկային հաշվառումից:

Պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի ձևը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել