Նոտար Ալվարդ Մելքոնյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ հայցը բավարարվել է

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, երեկ բավարարել է ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը: ՀՀ արդարադատության նախարարը նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջով հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան:

Ըստ Արդարադատության նախարարության հաղորդագրության` դատաքննությունը անց էր կացվել պատասխանողի բացակայությամբ։ Կողմը պատշաճ ծանուցվել էր դատական նիստի ժամանակի ու վայրի մասին, սակայն չէր ներկայացել: Այդ պայմաններում դատարանը գտել էր, որ պատասխանողի բացակայությունն արգելք չէ դատաքննություն անցկացնելու համար:

ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցիչ Դանիել Մխեյանը պնդել էր նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջը: Նոտարը երկու անգամ նախարարի հրամանով ենթարկվել էր կարգապահական տույժի. նախ՝ 30.08.2011թ. հրամանով ստացել է նախազգուշացում, իսկ 29.06.2012թ. հրամանով՝ 2012թ. հունիսի 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ կասեցվել էր նրա գործունեությունը: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում նոտարը տույժի է ենթարկվել երկու անգամ։ Դանիել Մխեյանի ներկայացմամբ, մեկ տարվա ընթացքում նոտարը երեք անգամ և ավելի վավերացրել էր պայմանագրեր, որոնք կնքման պահին հակասել են օրենքի պահանջներին ու անվավեր են եղել, ինչը նոտարին պաշտոնից ազատելու հիմք է: Նախարարն, այսպիսով, աննպատակահարմար էր համարել նոտարի հետագա պաշտոնավարումը և պահանջել կայացնել նոտարին պաշտոնից ազատելու որոշում:
Խոսքը, մասնավորապես, Երևանի Արամի փողոցում անշարժ գույքի կրկնակի առուվաճառքի բազմաթիվ նախնական պայմանագրերի վավերացման մասին է, որոնք կատարվել են, ըստ հայցվոր կողմի, «օրենքի շատ կոպիտ խախտումներով»: Կնքված են եղել շուրջ 400 պայմանագրեր, որոնց մի մասը նույն բնակարանը երկու և ավելի անգամ նախնական առուվաճառքի դեպքերն են եղել: Այսինքն՝ նոտարի գործողությունների հետևանքով բազմաթիվ՝ 400-ից ավելի քաղաքացիներ տուժել են:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը ժամանակին դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նոտարի նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելու հարցով: ՀՔԾ-ում քննվող գործի նախաքննությամբ պարզվել էր, որ Ալվարդ Մելքոնյանն իր պարտականությունները կատարել է անբարեխիղճ և անփույթ, մասնավորապես, որոշ դեպքերում վավերացրել է պայմանագրեր, որոնցում որպես վաճառող հանդես եկող իրավաբանական անձը իրավաբանորեն որևէ առնչություն չի ունեցել վաճառվող գույքի հետ:

Կարգապահական վարույթի շրջանակներում նոտարը ներկայացրել էր բացատրություն, որում, սակայն, ըստ արդարադատության նախարարի ներկայացուցչի, որևէ իրավական հիմնավորում չի ներկայացրել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել