Հայաստանի անտառների դասակարգումը

Հայաստանի Հանրապետությունում անտառները, անկախ սեփականության ձևից, ըստ իրենց հիմնական նպատակային նշանակության՝ դասակարգվում են`

ա) պաշտպանական նշանակության.
բ) հատուկ նշանակության.
գ) արտադրական նշանակության:

Ըստ հիմնական նպատակային նշանակության՝ անտառների դասակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոչ պետական անտառների նպատակային նշանակության փոփոխման դեպքում պետության կամ համայնքի կարիքների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփականատիրոջը փոխհատուցվում են պատճառված վնասները և կորուստները, եթե անտառների նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ չի փոփոխվում:

Պաշտպանական նշանակության անտառներ են`

ա) ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները.
բ) բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող անտառները.
գ) անտառների վերին և ստորին սահմանների 200 մետր լայնությամբ տարածքը.
դ) կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները.
ե) բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները` 100 մետր շառավղով:

Պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը:

Հատուկ նշանակության անտառներ են`

ա) բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները.
բ) քաղաքային և քաղաքամերձ անտառները.
գ) ռեկրեացիոն և առողջարարական անտառները.
դ) սահմանային, ռազմական նշանակության անտառները.
ե) պատմական և գիտական արժեք ներկայացնող անտառները.
զ) սանիտարական գոտիները պահպանող անտառները:

Հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում և արգելվում են անտառօգտագործման այն ձևերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին:
Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ և պաշտպանական նշանակության անտառների շարքին:

Արտադրական նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառաշինական նախագծերի հիման վրա` միջանկյալ (խնամքի), սանիտարական և անտառավերականգնման հատումների միջոցով, հատման տարիքի հիման վրա՝ անտառի կենսաբանական առանձնահատկությունների բարելավման նպատակով` ապահովելով շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունների կանխարգելումը, իսկ դրա անհնարինության դեպքում` բացասական ներգործությունների հետևանքների վերացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել