Վահագն Վարագյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության 06.10.2012թ. որոշումը վերացնելու պահանջի մասին:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, հայցադիմումով հայցվորը նշել է, որ 2012 թվականի հոկտեմբերի 6-ին` ժամը 14.00-15.00 սահմաններում, Կոմիտասի փողոցով ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է։ Զննելով ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական վկայականը և ավտոմեքենան` գրավոր արձանագրել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի խախտում, այն է. տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը` անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող կամ ինքնաշեն հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցները վարելը։ Ճանապարհային ոստիկանի պնդմամբ` ավտոմեքենայի համարանիշին փակցված ՀՀ եռագույն դրոշը վերոգրյալ իրավանորմի խախտում է։ Նույն պահին կազմվել է արձանագրություն, որում նշված փաստերին հայցվորը համաձայն չի եղել, այդ պատճառով այն չի ստորագրել։
Դատարանի եզրահանգմամբ՝ տվյալ դեպքում, հայցվորը վարչական պատասխանատվության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությամբ համարանիշով տրանսպորտային միջոց վարելու համար, որը վարչական մարմինը որակել է որպես ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոց, հետևաբար սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյո՞ք համարանիշի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությունը կարող է դիտարկվել որպես հաշվառման համարանիշի ստանդարտին անհամապատասխանություն, թե՞ ոչ։
Անդրադառնալով այդ համարանիշի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությանը` դատարանը փաստել է հետևյալը. Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ.-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշնմերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 1400-Ն որոշման 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` հաստատվել է հաշվառման համարանիշերի, առանձնացված հաշվառման համարանիշերում կիրառվող Հայաստանի Հանրապետության դրոշի և կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերների ու ժամանակավոր համարանիշերում գործողության ժամկետի նշման դաշտի եզրաչափերը` համաձայն որոշման թիվ 3 հավելվածի։
Նման պայմաններում դատարանը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1400-Ն որոշումը չի բացառում համարանիշերի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությունը, դեռ ավելին, դրոշի եզրաչափերը սահմանել է նույն որոշման երրորդ հավելվածում, որի 1-ին կետի համաձայն` առաջին տեսակի համարանիշի վրա տեղադրված դրոշի եզրաչափերը սահմանված են 520 x 112 մմ, այսինքն` Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1400-Ն որոշմամբ թույլատրվում է դրոշի առկայություն համարանիշի վրա։
Վերոգրյալի հիման վրա դատարանը գտել է, որ համարանիշի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես հաշվառման համարանիշի ստանդարտին անհամապատասխանություն, եթե պահպանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1400-Ն որոշման երրորդ հավելվածով սահմանված դրոշի եզրաչափերը, հետևաբար Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությունը համարանիշի վրա ինքնին չի կարող առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում։
Վերը շարադրված փաստական հանգամանքների և իրավական նորմերի վերլուծության արդյունքում դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 06.10.2012թ.-ի որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1400-Ն որոշման պահանջների սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, հետևաբար նշված իրավական ակտերի խախտմամբ ընդունված վարչական ակտն ընդունելու պահից անվավեր` ոչ իրավաչափ վարչական ակտ է և այն չի կարող իրավաբանական հետևանքների հանգեցնել հայցվորի նկատմամբ, ուստի հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա բավարարման։