Հնարավոր կլինի արտագնա դատական նիստը դռնփակ անցկացնել

Ներկայումս Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված է Քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին հետևյալ օրենսդրական նախաձեռնությունը:

Մասնավորապես, նախատեսվում է օրենսգրքում ավելացնել 4.1 բաժին, որը կսահմանի, որ հասարակական կարգի, քրեակատարողական հիմնարկում անվտանգության ապահովման, դատավարության մասնակիցների անձնական կյանքի և արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով դատարանը կարող է որոշում կայացնել արտագնա դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:

Քրեակատարողական հիմնարկում դատական նիստը պետք է անցկացվի այն նշանակելու մասին որոշում կայացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

Դատական նիստին մասնակցելու համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով հնարավոր կլինի դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով հեռախոսահամարը, ինչպես նաև էլելտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում:

Դիմումը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում կկայացնի քրեակատարողական հիմնարկում անցկացվող արտագնա դատական նիստին մասնակցելու համար դիմած անձանց մասնակցությունը թույլատրելու կամ մերժելու մասին` դրա վերաբերյալ կայացնելով գրավոր որոշում, որն ուղարկվում է դիմում ներկայացրած անձանց հասցեով, իսկ դիմումում էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար նշված լինելու դեպքում, նաև ուղարկում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ ծանուցում հեռախոսահամարով:

Ներկայացված դիմումը մերժվում է, եթե դատական նիստին այդ անձանց մասնակցությունը հնարավոր չէ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու պայմանների պատճառով կամ դա կվտանգի քրեակատարողական հիմնարկի անվտանգությունը

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվի դատավարության մասնակիցների վրա, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր կլինի ապահովել դատական նիստի մասնակիցների անվտանգությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել