Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը ծագել է տոթ եղանակի պատճառով․ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը, որտեղ նշվում է, որ ավելի քան 2 շաբաթ է՝ Ստեփանակերտում խմելու ջուրը կենցաղային լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել բնակչությանը։ Խնդիրը ծագել է տոթ եղանակի պատճառով, ինչի հետևանքով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել։

«2021 թվականի օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է ընդհանուր 2001 զանգ: Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 79 տեխնածին և կենցաղային 54 պատահար: Հրդեհի մասին ստացված հաղորդումները խիստ անհանգստացնող են:

Հրդեհի մասին ստացված 59 հաղորդումից երեքը բռնկվել է բնակելի շինությունում, մեկը՝ տրանսպորտում, հինգը՝ աղբանոցներում և աղբակույտերում: Մյուս բոլոր կանչերը ստացվել է չոր խոտածածկ տարածքներում և անտառածածկ գոտիներում բռնկված հրդեհի մասին: Կրակի խոշոր օջախներ են համարվում Մարտակերտի շրջանի Տոնաշեն և Ասկերանի շրջանի Պատարա համայնքների հարակից՝ անտառածածկ տարածքները: Հրշեջ փրկարարներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Կրակը նահանջել՝ բայց դեռևս չի մեկուսացվել:

Սակրավորական խմբերը շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքից հայտնաբերել և վնասազերծել են 11 հրթիռ, կասետային 63 հրթիռ, թնդանոթի 1 արկ և 12 պայթուցիչ: Գործընկեր կառույցների հետ սակարավորներըն իրականացնում են ինժեներահետախուզական ամենօրյա աշխատանք:

Ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 6 ահազանգ: Տուժել է 4 քաղաքացի: Փրկարարները շտապ օգնության հերթապահ բժիշկների օգնությամբ տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ:

Ավելի քան 2 շաբաթ է Ստեփանակերտում խմելու ջուրը կենցաղային լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել բնակչությանը։ Խնդիրը ծագել է տոթ եղանակի պատճառով, ինչի հետևանքով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով փրկարարները շարունակում են խմելու ջուր մատակարարել այն թաղամասերում՝ որտեղ ջրի պակաս կա:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների և մասունքների որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով՝ ծառայության ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում իրականացրել են 5 ելք: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել