Յուրաքանչյուր կողմ կարող է իր հաշվին հրավիրել փորձագետ` վկային դատարան հրավիրելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է՝
1) նշանակել փորձագետ, ընդ որում, դատարանը փորձագետի նշանակման հարցում նախապատվություն է տալիս այն փորձագետին, որի թեկնածության վերաբերյալ համաձայնվել են կողմերը կամ
2) սահմանել փորձագետի նշանակման կարգ, որով փորձագետի նշանակումը կհանձնարարի կողմերին կամ որևէ մասնագիտացված հաստատության՝ վերջինիս համաձայնությամբ: Պետական փորձագիտական հաստատությունների համաձայնությունը ենթադրվում է:
Անձը չի կարող փորձագետ նշանակվել առանց իր գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ հարցով փորձագիտական եզրակացություն տալը տվյալ անձի պաշտոնեական պարտականությունն է պետական փորձագիտական հաստատությունում:
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարան ներկայացնելու այն հարցերը, որոնք պետք է պարզաբանի դատարանի կողմից նշանակված փորձագետը: Այդ հարցերի շրջանակը և բովանդակությունը որոշում է դատարանը: Գործին մասնակցող անձանց ներկայացրած հարցերը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ չընդգրկելու դեպքում դատարանը պարտավոր է որոշման մեջ նշել այդ հարցերը, ինչպես նաև փորձաքննությունն այդ հարցերով մերժելու պատճառաբանությունները։
Փորձագետ նշանակելիս դատարանը պետք է փորձագետին նախազգուշացնի ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ կազմվում է փորձագետի կողմից ստորագրված գրավոր արձանագրություն:
Փորձաքննություն նշանակելու կամ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում: Փորձաքննության նշանակումը մերժելու մասին դատարանի որոշումը պետք է պարունակի մերժման հիմքերը։
Փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ դատարանը նշում է`
1) փորձագետին նշանակելու հիմքերը.
2) փորձագետի անունը կամ փորձագիտական հաստատության անվանումը, որը պետք է փորձագետ նշանակի.
3) փորձագետին առաջադրված հարցերը.
4) փորձագետին հանձնվող նյութերը.
5) փորձաքննության անցկացման և եզրակացությունը դատարան ներկայացնելու ժամկետները, եթե որևէ հարցի վերաբերյալ եզրակացության հանգելու համար փորձագետին անհրաժեշտ է նախապես փորձաքննություն իրականացնել որոշակի ուսումնասիրության, համեմատության, փորձերի կամ այլ հետազոտման եղանակով.
6) նախազգուշացում` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: