Բացահայտվել է «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են կազմակերպված խմբի անդամների ինքնությունը, թմրամիջոցների իրացման մեխանիզմը:

Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչի առաջարկով և կազմակերպմամբ, իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու դիտավորությամբ, ստեղծվել է կազմակերպված կայուն խումբ, որի անդամները մանրակրկիտ պլանավորել և հստակ դերաբաշխել են յուրաքանչյուրի գործողությունները:

Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացվել է «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով:

Մասնավորապես, ըստ դերաբաշխման, խմբի անդամները «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում իրացնելու նպատակով գրանցված անհայտ օգտատերերից ձեռք են բերել թմրամիջոցներ, նախապես փաթեթավորել և տեղադրել են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում, որից հետո տվյալ տարածքի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են հիշյալ օգտատերերին՝ յուրաքանչյուր լուսանկարի համար ստանալով 1000-2000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև, նույն «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով, անհայտ օգտատերերից ստացել են թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ, իսկ «Իդրամ» և «Ադջարաբետ» էլեկտրոնային վճարահաշվարկային հավելվածների՝ իրենց օգտահաշիվներին կատարված տարբեր չափերի գումարի փոխանցման կտրոնի լուսանկարները ստանալուց հետո, այն բջջային հեռախոսի տարբեր հավելվածների միջոցով ուղարկել են խմբի այն անդամին, ով ստուգել է խմբի անդամների՝ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու նպատակով բացված հաշվեհամարները և համոզվելով, որ կտրոնում նշված գումարը փոխանցվել է, այդ մասին հայտնել է հանցակիցներին, որից հետո նրանք նախապես տեղադրված թմրամիջոցի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար առաջարկություն կատարած օգտատիրոջը, իսկ ստացված եկամուտները բաշխել են խմբի անդամների միջև:

Շարունակելով իր հանցավոր գործունեությունը և ընդլայնելով խմբի կազմը, մշտապես թմրամիջոցների մեծաքանակ կայուն մատակարարում ապահովվելու համար, հանցավոր խումբը կազմավորած անձը խմբի մեջ ներգրավել է երկու անձի ևս, որոնցից իրենք պարաբերաբար իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել տարբեր չափերի «մարիխուանա» և «կանեփ» տեսակի թմրամիջոցներ, որոնք նույն ճանապարհով ապօրինի իրացրել են, իսկ ստացված եկամուտը բաշխել են խմբի անդամների միջև:

Քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի անդամներն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 3616,98 գրամ քաշով «մարիխուանա» և խոշոր չափերի 7315 գրամ քաշով «կանեփ» տեսակի թմրամիջոցներ:

2021թ. փետրվարի 11-ին կազմակերպված խմբի անդամների անձնական և բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է մոտ 11կգ թմրամիջոց, ինչի հետևանքով չեն կարողացել իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի յոթ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Մեղադրյալներից վեցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ընդգրկված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել