Նախնական քննության գաղտնիության և տեղեկատվության ազատության սահմանները. Նոր կանոններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` 2012 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանի համաձայն քրեական գործերով տեղեկատվության տրամադրումը հարկ է կազմակերպել այնպես, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցով, տեղեկություն ստանալու քրեական գործերի քննության ընթացքի մասին: Դատախազությունը պետք է պարբերաբար տեղեկություններ տրամադրի լրատվության միջոցներին՝ դատախազական գործունեության, ինչպես նաեւ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի նախնական քննության արդյունքների մասին այն ծավալով, որքանով դրանց հրապարակումը չի վտանգի հանցագործությունների կանխմանը, քրեական գործերով նախնական քննության օբյեկտիվությանը, լրիվությանն ու բազմակողմանիությանը, արդարադատության շահերին ու անաչառությանը, չի խախտի մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, ինչպես նաեւ այլ անձանց պատիվն ու արժանապատվությունը եւ իրավունքների պաշտպանությունը: Այդուհանդերձ, նշված պայմանները չեն կարող պատճառ դառնալ մերժելու սոսկ փաստական տեղեկության տրամադրումը, եւ եթե նախնական քննության շահերից ելնելով, մասնավորապես՝ քրեական գործով մինչդատական վարույթի նյութերը տվյալ փուլում հրապարակման ենթակա չեն, ապա քրեական գործ հարուցելու կամ ներգրավված մեղադրյալների թվի մասին տեղեկության տրամադրումն այդ հիմքերով չի կարող մերժվել:

Նախնական քննության տվյալները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

Մինչդատական վարույթի ընթացքում, դատախազությունը, հնարավորության դեպքում, պետք է աջակցի ԶԼՄ-ներին տեղեկություն տրամադրելու հարցում` արձանագրելով, որ տրամադրվող տեղեկությունը նախնական է` հիմնված այդ պահին վարույթն իրականացնող մարմնի ձեռք բերած փաստական տվյալների վրա: Դատախազությունը կարող է չհրապարակել ԶԼՄ-ների կողմից հարցվող տեղեկությունը, եթե դրա հրապարակումը կարող է վտանգել նախնական քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը, լրիվությունը, դատավարության մասնակիցների անվտանգությունը, անմեղության կանխավարկածը, խախտել այլ անձանց իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, անձնական ու ընտանեկան կյանքը:

Նախնական քննության ավարտի, որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվի, մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին տեղեկությունը պետք է տրամադրվի` կատարված հարցման հիման վրա, օրենքով սահմանված ժամկետում: Մինչդատական վարույթի փուլում դատախազությունը կարող է չհրապարակել կասկածյալի, մեղադրյալի անուն-ազգանունը՝ սույն նյութի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել