Ինչպե՞ս է հատուցվում քաղաքացու առողջությանը հասցված վնասը

Պայմանագրային պարտավորություններ, ինչպես նաև զինվորական ծառայություն, ոստիկանական ծառայություն և այլ համապատասխան պարտականություններ կատարելիս քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցվում է ստորև նախատեսված կանոններով, եթե պատասխանատվության ավելի բարձր չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք:

Տուժողին պատճառված վնասի հատուցման ծավալը և չափը կարող է մեծացվել օրենքով կամ պայմանագրով:

Վնասի հատուցումը` կապված տուժողի աշխատունակության նվազելու կամ մահվան հետ, կատարվում է ամենամսյա վճարներով:

Հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը, վնաս պատճառողի հնարավորությունների հաշվառմամբ, կարող է վնասի հատուցման իրավունք ունեցող քաղաքացու պահանջով նրան տրվելիք վճարները հատկացնել միանվագ, բայց ոչ ավելի, քան երեք տարվա համար:

Լրացուցիչ ծախսերի հատուցման գումարները կարող են հատկացվել ապագա ժամանակի համար բժշկական փորձաքննության հիման վրա որոշվող ժամկետների շրջանակներում, ինչպես նաև համապատասխան ծառայությունների և գույքի արժեքի նախապես վճարման անհրաժեշտության դեպքում` ներառյալ ուղեգրերի ձեռքբերումը, հատուկ տրանսպորտային միջոցներով ուղևորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել