«Ֆլեշ» ՍՊԸ-ը 26.11.2012թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի, երրորդ անձ «Վրացական Երկաթուղի» ընկերության՝ 349.238 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և տոկոսների բռնագանձման պահանջի մասին, որը դատարանի 29.11.2012թ. որոշմամբ ընդունվել է վարույթ։
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, hայցվորի ներկայացուցիչ Վահագն Թորոսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան և հայտնել է, որ պատասխանողը ՀՀ տարածքում երկաթուղային բեռնափոխադրումների կազմակերպման վերաբերյալ պայմանագրի հիման վրա հայցվորին մատուցում է երկաթուղային բեռնափոխադրումների ծառայություններ։
30.07.2011 թվականին Վրաստանի Մցխեթա-Զագեսի երկաթուղային գծամասում տեղի է ունեցել երկաթուղային պատահար, որի հետևանքով հայցվոր ընկերությանը պատկանող դիզելային վառելիքով բարձված թիվ 74873688, 73009052, 74873613, 73933772, 73911117 երկաթուղային ցիստերները (գլանատակառներ) վնասվելեն, ինչի հետևանքով հայցվորին պատճառվել է 331.696,50 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի վնաս։ Նշված պատահարի և դրա արդյունքում պատճառված վնասի վերաբերյալ 31.07.2011թ.-ին կազմվել են կոմերցիոն ակտեր` ըստ առանձին գլանատակառների։
Հայցվոր «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն հիմք ընդունելով «Միջազգային երկաթուղային բեռնային հաղորդակցության մասին համաձայնագրի» (“Соглашениео международном грузовом железнодорожном сообщении (СМГС)”) պահանջները, այսուհետ` СМГС Համաձայնագիր, պատասխանող «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ին, որպես պահանջը կարգավորող երկաթուղու, 12.08.2011թ.-ին ներկայացրել է վերը նշված վնասի ընդհանուր գումարի չափով նախապահանջներ` ըստ առանձին գլանատակառներում տեղի ունեցած կորուստների չափերի։
Պատասխանող «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ն ընդունել է հայցի հիմքում ընկած` հայցվորի կրած վնասի փաստը, սակայն վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ և 867-րդհոդվածները, առարկել է հայցի դեմ և պահանջել հայցը մերժել այն պատճառաբանությամբ, որ հայցվորի վնասը պատճառվել է պատասխանողի գործունեության (իրավասության) տարածքից դուրս, հայցվորի և պատասխանողի միջև առկա չէ բեռնափոխադրման պայմանագիր, СМГС Համաձայնագիրը և 25.01.1997թ.-ին Սանկտ Պետերբուրգում կնքված Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չեն, հետևաբար ՀՀ ներպետական օրենսդրության նկատմամբ գերակա ուժ չունեն, պատասխանողի գործողություններով հայցվորին վնաս չի պատճառվել, հայցը ներկայացվել է բեռների փոխադրումից բխող պահանջների համար օրենքով սահմանված` մեկ տարվա հայցային վաղեմության ժամկետի բացթողնման պայմաններում, սույն գործով «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ պատշաճ պատասխանող չի կարող հանդիսանալ։ Դատարանին խնդրել է կիրառել հայցային վաղեմության ժամկետ և հայցը մերժել նաև հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Երրորդ անձ «Վրացական Երկաթուղի» ընկերությունը չի առարկել հայցով ներկայացված` հայցվորի կրած վնասի փաստի դեմ, գտել է, որ հայցը ներկայացվել է СМГС Համաձայնագրի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներին համապատասխան` պատշաճ պատասխանողի դեմ, սակայն հայցվորի կողմից բաց է թողնվել СМГС Համաձայնագրի 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 9-ամսյա հայցային վաղեմության ժամկետը և միջնորդել է դատարանին հայցը մերժել ամբողջությամբ` այն անհիմն լինելու և հայցային վաղեմության ժամկետի լրանալու հիմքով։
Դատարանը գտել է, որ և′ 25.01.1997թ.-ին ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կնքված` «Չպահպանված բեռների վերաբերյալ պահանջների ներկայացման և քննարկման մասին СМГС Համաձայնագրի դրույթները կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, և′ այլ երկրների երկաթուղիների միջև կնքված Համաձայնագիրը, հանդիսանալով տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված պայմանագիր` այն կնքող կողմերի (այդ թվում` Հայաստանի երկաթուղու) համար մտել է ուժի մեջ այդ նույն Համաձայնագրով սահմանված ժամկետներում և կարգով` կողմերի մոտ առաջացնելով համապատասխան քաղաքացիաիրավական պարտավորություններ։
Միաժամանակ, դատարանը անհրաժեշտ է համարել նշել, որ СМГС Համաձայնագրի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` երկաթուղին, որը Համաձայնագրի հիման վրա վճարել է բեռի կորստի կամ վնասվածքի դիմաց, իրավունք ունի հետադարձ պահանջի կարգով դիմել Երկաթուղիների Համագործակցության Կազմակերպության Կոմիտեին (ОСЖД)`իր կողմից վճարված հատուցման գումարները փոխադրման մյուս մասնակից երկաթուղիներից ստանալու պահանջով։
Միաժամանակ, դատարանը գտել է, որ հայցվորի պահանջը`պատճառված վնասի գումարին տոկոսներ հաշվարկելու և բռնագանձելու մասին ենթակա է բավարարման հայցվորի կողմից սկզբնական հայցադիմումով ներկայացված հաշվարկին համապատասխան:
Սույն գործի փաստերի համաձայն` 12.06.2012թ.-ի թիվ 3663 նամակով «Վրացական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ի.Օ.Էզգուբայանիի պատասխան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից վերահասցեագրված հայցվորի նախապահանջներին, տեղեկացրել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վթարը տեղի է ունեցել Վրացական երկաթուղում, եթե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն վճարի <<ՖԼԵՇ>> ՍՊԸ-ի նախապահանջները, ապա «Վրացական երկաթուղի» ընկերությունը կփոխհատուցի այդ ծախսերը` հաշվապահական ձևակերպումներում դրանք արտացոլելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ կատարվող փոխադարձ հաշվարկների մեջ։ Բացի այդ, 16.05.2012թ.-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին, ի պատասխան հայցվորի վերահասցեագրված նախապահանջներին, նույնատիպ բովանդակությամբ նամակ է ուղարկվել նաև «Վրացական երկաթուղի»ընկերության բեռնափոխադրումների տնօրեն Ա.Գիորգոբիանիի կողմից։
Այս նամակների հետազոտման արդյունքում, դատարանը եկավ այն եզրահանգման, որ 16.05.2012թ.-ին և 12.06.2012թ.-ին «Վրացական երկաթուղի» ընկերությունը, որի մեղքով է պատճառվել հայցվորի վնասը (պարտապան), կատարել է պարտքի ճանաչումը վկայող գործողություն` ճանաչելով հայցվոր «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ վնասը հատուցելու իր պարտավորությունը, առաջարկել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին` վճարել հայցվորի վնասի հատուցման գումարները` հետագայում դրանք իր կողմից փոխհատուցելու պայմանով։ Պարտապան «Վրացական երկաթուղի» ընկերության այս գործողությունը ակնհայտորեն վկայում է վերջինիս կողմից սույն պարտավորության ճանաչումը, ինչի հետևանքով հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է և սկսել է հոսել 12.06.2012թ.-ից և կրկին ընդհատվել հայցվորի կողմից 26.11.2012թ.-ին սահմանված կարգով հայցի հարուցմամբ։
Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել: