Սովորույթը վարքագծի կանոն է, որը ձևավորվում է երկարատև ու բազմաթիվ կիրառման արդյունքում, չի կարգավորվում իրավունքով, փոխանցվում է սերնդեսերունդ և կիրառվում է մարդկանց կողմից սովորության ուժով: Սովորության հեղինակությունը հիմնվում է հետևյալ բանաձևի վրա. այդպես գործել են բոլորը և միշտ:
Իրավական սովորույթը սովորույթի տեսակ է, որը կարգավորվում է իրավանորմով և ձեռք է բերում պարտադիր բնույթ պետության կողմից դրան իրավական ուժ տալով:
Այդպիսի սանկցիայի առարկա է հանդիսանում ոչ թե սովորույթը որպես վարքագծի կանոն, այլ նրա կիրառման հնարավորությունը որոշակի հարցեր որոշակի կարգով լուծելու համար:
Ի տարբերություն սովորույթի, գործարար շրջանառության սովորույթի կիրառման համար անհրաժեշտ չէ հղում անել դրանց կամ որևէ նորմի կամ հոդվածի:
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը ևս սահմանում է գործարար շրջանառության սովորույթի կիրառման հնարավորություն: Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի՝ գործարար շրջանառության սովորույթ է համարվում ձեռնարկատիրական գործունեության որևէ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոնը, անկախ դրա` որևէ փաստաթղթում ամրագրման հանգամանքից: Օրենսդրության պարտադիր դրույթներին կամ պայմանագրին հակասող գործարար շրջանառության սովորույթները չեն կիրառվում:
Քաղաքացիական օրենսդրությունը յուրաքանչյուր դեպքում սահմանում է պարտադիր նորմեր այն պարագայում, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: