2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային քննչական բաժիններում հարուցվել է ինը քրեական գործ։
Անձի ընտրական իրավունքի դեմ ուղղված և քրեական գործ հարուցելու հիմք հանդիսացած բոլոր արարքները բացառապես պարունակել են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկելու փորձի, և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից նշված հանցագործություններին հանցակցելու հատկանիշներ։
Վերը նշված դեպքերում քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել այն, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ընտրողների ցուցակը ստուգվել և լրացվել է անփութորեն, որի հետևանքով տվյալ ընտրական տեղամասում արդեն իսկ քվեարկած լինելու, կամ այդ տեղամասում ընտրելու իրավունք չունենալու, կամ անձի անհատական տվյալներն ընտրական ցուցակում այլ անձի անվան և ազգանվան դիմաց լրացված լինելու պայմաններում հանցավորը ոչ միայն հանձնաժողովի անդամի կողմից գրանցվել է ընտրողների ցուցակում, այլ նաև ստացել է քվեաթերթիկ փորձելով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցել։
Այսպես. Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Սերոբյանը և Վ.Թորոսյանը, հաշվառված լինելով Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում և ընդգրկված չլինելով թիվ 7/18 ընտրատեղամասի ընտրացուցակներում, նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամներից մեկի` Լ.Դավթյանի օժանդակությամբ մասնակցել են Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Մասնավորապես` Լ.Դավթյանը ընտրատեղամասի մատյանում տվյալ ընտրատեղամասի ընտրողների անվան դիմաց լրացրել է Ոսկեվազում հաշվառված և թիվ 7/18 ընտրատեղամսում քվեարկելու իրավունք չունեցող Վ.Թորոսյանի և Ս.Սերոբյանի անձնագրերի տվյալները և նրանց տվել քվեաթերթիկ ու ծրար: Վ.Թորոսյանը, քվեաթերթիկ և ծրար ստանալով, քվեարկել է այլ անձի փոխարեն, իսկ Սերոբյանը չի կարողացել քվեարկությունն ավարտին հասցնել, քանի որ այն կանխվել է հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 4 անհայտ անձինք, չհանդիսանալով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, Երևանի թիվ 3/19 ընտրական տեղամասում, ստանալով քվեաթերթիկներ, փորձել են քվեարկել։
Մեկ այլ դեպքում Է.Եփրեմյանը, ով հանդիսանում է թիվ 8 ընտրատեղամասի ընտրող, Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո գնացել է թիվ 9/17 ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ և փորձել կրկին քվեարկել, ինչը կանխվել է հանձնաժողովի կողմից:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի թիվ 5/08 ընտրական տեղամասում ընտրելու իրավունք ունեցող Սմբատ Վասիլյանի տվյալների դիմաց լրացվել են այլ անձի անհատական տվյալները և նշված անձը, Սմբատ Վասիլյանի փոխարեն քվեարկելով, հեռացել է ընտրական տեղամասից։
Այլ անձի փոխարեն քվեարկելու նույնօրինակ փաստ է արձանագրվել նաև Երևանի թիվ 5/10 ընտրական տեղամասում։ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի թիվ 5/10 ընտրական տեղամասում ընտրելու իրավունք ունեցող Նապոլեոն և Հայկ Մելտոնյանների տվյալների դիմաց ընտրողների ցուցակում լրացվել են այլ անձանց անհատական տվյալները, և նշված անձիք, Նապոլեոն և Հայկ Մելտոնյանների փոխարեն քվեարկելով, հեռացել են ընտրական տեղամասից։ Արամ Հեպոյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու փաստով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, գրանցվելով Երևանի թիվ 5/08 տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների ցուցակում, ստանալով քվեաթերթիկ և քվեարկության ծրար, փորձել է քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցել, ինչը կանխվել է հանձնաժողովի կողմից` արձանագրելով, որ վերջինիս անձնագրում առկա է արդեն իսկ քվեարկած լինելու փաստը հավաստող դրոշմակնիք:
Հարուցված 3 քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ անձը մեկից ավելի անգամ քվեարկելու հնարավորություն է ստացել` հանձնաժողովի անդամի կողմից նրան երկու և ավելի քվեաթերթիկ տրված լինելու հետևանքով: Օրինակ` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Մխիթարյանը Երևանի թիվ 8/23 ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում գրանցվելուց հետո հանձնաժողովի անդամի կողմից ստացել է երեք քվեաթերթիկ։
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լիլիթ Միրզոյանը Երևանի թիվ 4/23 ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում գրանցվելուց հետո հանձնաժողովի անդամի կողմից ստացել է երկու քվեաթերթիկ։
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ղազար Մկրտչյանը Երևանի թիվ 11/32 ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում գրանցվելուց հետո հանձնաժողովի անդամի կողմից ստացել է երկու քվեաթերթիկ։
ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հանձնաժողովի` ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անուն-ազգանունը, դրա դիմացի դատարկ սյունակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում:
Ընտրողի գրանցումն իրականացնող անդամն իր անհատական կնիքն է դնում ընտրողի ստորագրության դիմաց` համապատասխան սյունակում»: Նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի` քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեաթերթիկր (քվեաթերթիկների միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը քվեարկության ծրարի հետ հանձնում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ` քվեարկելու»:
ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո»:
Վերը շարադրված օրինակները վկայում են, որ հանձնաժողովի անդամները չեն պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածների պահանջները: Ինչպես արդեն նշվել է, քրեական գործերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվերակել հնարավոր է միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի հանցակցությամբ, կամ առնվազն պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով: Ավելին, պարզվել է, որ հանձնաժողովը պատշաճ չի արձանագրել ընտրախախտումը. ժամանակին նկատել և կանխել, սակայն օրենքով նախատեսված միջոցներ չեն ձեռնարկվել. պատշաճ արձանագրություն չի կազմվել, նույնիսկ իրավախախտողի անձը չի պարզվել, խախտման մասին ոստիկանության աշխատակիցները չեն տեղեկացվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին է, որը կազմակերպում և անցկացնում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու և որակավորում շնորհելու կարգը: Այս կապակցությամբ, օրենսդրության պահանջներին լիարժեք տիրապետելու, քվեարկության ընթացքում հանդիպող տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի ունակությունների կատարելագործումը, որպես ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման և անցկացման կարևոր երաշխիք, կազմակերպվող գործնական դասընթացների, որակավորման քննությունների ընթացքում պետք է լինի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է դասընթացների ընթացքում վեր հանել ի հայտ եկած խնդիրները, դրանց օրենսդրական կարգավորման հարցերը, նպատակահարմարության դեպքում դասընթացներին ներգրավել նաև իրավաբանների` ընտրական իրավունքի խախտման քրեաիրավական իրազեկվածությունը ապահովելու համար:
Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, վերոգրյալի հիման վրա, նկատի ունենալով հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու` դատախազի պարտականությունը և այդպիսի հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200 հոդվածով` միջնորդում եմ 1. Ձեռնարկել միջոցներ` վերացնելու վերը նշված թերությունները, որոնք թվարկված հանցագործությունների կատարման համար նախապայման են հանդիսացել` այդպիսիք հետագայում կանխելու համար: