Հանդիպման ընթացքում քննարկվել են դատախազությունում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը վերաբերող հարցեր։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության վեբ կայքը ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է դատախազությունում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդնումը՝ նշելով, որ այն ներառվել է նաեւ ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի մեջ՝ հաշվի առնելով դրա անհրաժեշտությունը։ Մասնավորապես ծրագրով նախատեսվում է դատախազական գործունեության արդյունքների մատչելի հաշվառումն ու վերլուծությունը ապահովող «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրության, ՀՀ դատախազությունում արխիվից օգտվելու մատչելիությունն ապահովող արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգերի մշակումն ու ներդնումը։ Էլեկտրոնային կառավարման մշակումը դատախազության համակարգի համար, ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ, կնպաստի նաեւ դատախազական գործառույթների, այդ թվում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացմանը։
Պարոն Ժան Միշել Հապիին հավաստել է Համաշխարհային բանկի հետաքրքրվածությունը դատախազության հետ համագործակցության հարցում եւ նշել. «Երկրի գործընկերության նոր ռազմավարության» շուրջ ընթացիկ խորհրդակցությունները կարող են լավագույն մեկնակետը հանդիսանալ Համաշխարհային բանկի կողմից դատախազությանը աջակցելու հնարավորությունները բացահայտելու համար»։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը, այդ թվում էլեկտրոնային կառավարման համակարգի մշակումն ու ներդնումը ապահովելու ուղղությամբ։
Լուսանկարը` ՀՀ դատախազության վեբ կայքից: