Ինչպե՞ս ստանալ կամ փոխանակել նույնականացման քարտը

Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը անձամբ, կամ օրենքով նախատեսված դեպքերում ներկայացուցչի միջոցով, ներկայացնում է ոստիկանության մարմին:

Նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) անձնագիր կամ ծննդյան վկայական.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` անձնագիրը կամ ծննդյան վկայականը ներկայացնելու անհնարինության դեպքում.
4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).
5) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.
6) պետական տուրքի վճարման անդորրագիր:

Նույնականացման քարտը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) փոխանակման ենթակա նույնականացման քարտը.
3) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.
4) պետական տուրքի վճարման անդորրագիր:

Նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին լուսանկարվում է ոստիկանության մարմնում:

Փաստաբան Արփինե Եղիկյանը Իրավաբան.նեթ-ին տեղեկացնում է, որ. «Անհատական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները»:

Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում, ապա դիմումն ընդունվում է և դիմումատուին առաջարկվում 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը և (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել