Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան: Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարական օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:
Արդարադատության խորհրդի անդամը չի կարող ինքնաբացարկ հայտնել:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության ապացուցման պարտականությունը կրում է վարույթը հարուցած անձը:
Արդարադատության խորհրդի նիստում դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը Արդարադատության խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում:
Արդարադատության խորհրդի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը կցվում են քննված նյութերին` բնօրինակով կամ պատշաճ կերպով հաստատված պատճենով: