Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից:
Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը՝ 1450մմ, լայնությունը՝ 1150մմ:
Կարված է երկտակ մետաքսե մուգ բալագույն կտորից (կտորի գույնի համակարգչային հարաբերակցությունն է՝ M=100%, Y=20%, K=50%)՝ երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով։ Պաստառի երեսի կողմի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ 500մմ երկարությամբ և 400մմ բարձրությամբ։ Պաստառի կենտրոնական մասում ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը, տառերի բարձրությունը 7մմ է, լայնությունը՝ 5մմ:
Պաստառի հակառակ կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մետաքսակար խորհրդանիշը՝ 450մմ բարձրությամբ և 250մմ լայնությամբ։ Խորհրդանիշի կենտրոնում Հայաստանի Հանրապետության պետական զինանշանն է, որի վերին մասում մակագրված է «ՀՀ» հապավումը, իսկ ստորին մասում՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» հապավումը։
Խորհրդանիշի տակ, պաստառի երկայնքով, ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Հանուն իրավակարգի և օրինականության» բառերը, տառերի բարձրությունը 4մմ է, լայնությունը՝ 3մմ: