Հրայր Թովմասյանն ընդունեց Էստոնիայի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնական հրավերով եռօրյա այցով Երևան է ժամանել Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար Հանո Պեվկուրի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջը, այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Էստոնիայի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերի խնդրանքով նախարար Թովմասյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության ենթկայության տակ գտնվող առանձին ստորաբաժանումների գործառույթները, համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք նախատեսված են 2012-2016 թվականների իրավական և դատական բարեփոխումների ծրագրով: Մասնավորապես անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին Հրայր Թովմասյանն ասաց, որ շուտով շահագործման կհանձնվի միջազգային չափանիշներին համապատասխանող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, միևնույն ժամանակ հավելելով, որ առաջիկա տարիների ընթացքում նախատեսված է կրճատել քրեակատարողական հիմնարկների թիվը: Ծրագրված է ունենալ 5 քրեակատարողական հիմնարկ՝ այսօրվա 13-ի փոխարեն:

ՀՀ արդարադատության նախարարությունում էստոնացի հյուրերի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, տեղակալներ Արամ Օրբելյանը, Եղիշե Կիրակոսյանը, նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը:

Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար Հանո Պեվկուրի պատվիրակության կազմում են Էստոնիայի արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Մարկուս Սառապուն, ԵՄ հարցերով աշխատակազմի ղեկավարի խորհրդական Կրիստի Վարկը:

Հանդիպումներին մասնակցում նաև ՀՀ-ում և Վրաստանում Էստոնիայի դեսպան պրն Պրիիտ Թուրքը:

ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպումից հետո Էստոնիայի Հանրապետության պատվիրակության անդամներն այցելեցին ճանապարհային ոստիկանություն՝ ծանոթանալու ավտոմեքենաների էլեկտրոնային հաշվառման համակարգին: Միևնույն ժամանակ ներկայացվեց քաղաքացիական կացության ակտերի, ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման էլեկտրոնային համակարգը:

Այցի շրջանակներում էստոնացի հյուրերին ընդունելու են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան երկու երկրների միջև առկա համագործակցությունը խորացնելու նպատակով է, և ինչպես ՀՀ արդարադատության նախարարությունում, այնպես էլ նշված մյուս գերատեսչություններում, նախատեսված հանդիպումների առանցքում է լինելու համագործակցության ընդլայնումը:

Էստոնիայի արդարադատության նախարարի այցին նախորդել էր ՀՀ արդարադատությանը նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցը Էստոնիա՝ 2012թ. հոկտեմբերին: Տալինում ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության անդամները ծանոթացել և ուսումնասիրել էին Էստոնիայի էլեկտրոնային կառավարության, ինչպես նաև Արդարադատության նախարարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Լուսանկարը՝ moj.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել