Ե՞րբ կարող ենք արարքը որակել որպես բանդիտիզմ

ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն՝ Բանդիտիզմ է համարվում անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով կազմակերպված զինված խումբ (բանդա) ստեղծելը, այդպիսի խումբ ղեկավարելը կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը:

Բանդիտիզմը հանդիսանում է խմբակային հանցավորության առանձնահատուկ դրսևորումներից մեկը, որն օժտված է բարձր հանրային վտանգավորությամբ և դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների թվին: Ներկայումս բանդան բնութագրվում է որպես 2 կամ ավել անձից բաղկացած կազմակերպված, կայուն, զինված խումբ, որի անդամները նախապես միավորվել են անձանց կամ կազմակերպությունների վրա մեկ կամ մի քանի հարձակումներ գործելու նպատակով: Այստեղից էլ ակնհայտ են դառնում բանդային բնորոշ հատկանիշները, այն է. 1. երկու կամ ավել անձանց առկայությունը, 2. կազմակերպվածությունը, 3. կայունությունը, 4. զինվածությունը, 5. անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակումներ գործելու նպատակը:

Մեկ անձը չի կարող հանդես գալ որպես «բանդա»: Տվյալ հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է երկու կամ ավելի անձանց առկայություն: Որպեսզի արարքը որակենք բանդիտիզմի հատկանիշներով, ապա հանցավոր խմբի անդամները պետք է լինեն ֆիզիկական, մեղսունակ անձինք, որոնք հասել են բանդիտիզմի համար օրենքով սահմանված պատասխանատվության տարիքի: Եթե բանդայի անդամները երկուսն են և նրանցից մեկն անմեղսունակ անձ է, ապա բանդիտիզմի հանցակազմը բացակայում է:

Բանդաները ստեղծվում են շահադիտակա հանցանքներ կատարելու նպատակով: Սակայն, երբեմն կարող են հանդիպել այնպիսի դեպքեր, երբ բանդան ստեղծված լինի այլ նպատակներ իրագործելու համար:

Անձանց կամ կազմակերպություների վրա հարձակումներ գործելու նպատակը ենթադրում է, որ հանցավոր խումբը ստեղծվել է բռնություն կամ դրա սպառնալիքի հետ զուգորդված հանցանքներ կատարելու համար: Դրա համար էլ բանդա չեն կարող համարվել գողությունների, մաքսանենգությունների կամ այլ հանցագործությունների հետ կապված հանցանքներ կատարելու համար ստեղծված հանցավոր խմբերը:

Բանդան կազմավորվում է անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով: Բանդայի դեպքում խումբը ստեղծվում է հանցավոր գործունեությամբ զբաղվելու համար: Սակայն կարող են լինել դեպքեր, երբ բանդան ստեղծվի միայն մեկ հանցանք կատարելու համար: Սրանք իրենց բնույթով այնպիսի բարդ և հանրային բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններ են, որոնց նախապատրաստությունը երկարատև գործողությունների շխթա է կազմում: Նման դեպքում խմբի առկայությունն ինքնին մեծ վտանգավորություն է ներկայացնում հանրության համար: Հաճախ բուն հանցագործության նախապատրաստությունը զուգորդվում է այլ, պակաս վտանգավոր հանցագործություններով, և այլն:

Հանցանքը համարվում է կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար: Հանցանքը համարվում է հանցավոր համագործակցության կողմից կատարված, եթե դա կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ստեղծված, համախմբված, կազմակերպված խմբի կողմից կամ նույն նպատակներով ստեղծված կազմակերպված խմբերի միավորմամբ, ինչպես նաև եթե դա կատարվել է այդպիսի համագործակցության անդամի (անդամների) կողմից ի կատարումն դրա հանցավոր նպատակների, ինչպես նաև հանցավոր համագործակցության առաջադրանքով դրա անդամ չհամարվող անձի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել