«Տոյոտա Hiace» ավտոմեքենան սխալ վերադասարվորման արդյունքում բախվել է «BMW»-ին

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` Ա.Սարոյանը, «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, երրորդ անձ Ա.Մինասյանի` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության բաժնի պետ Ա.Մադաթյանի 23.08.2010թ. թիվ ԱԲ 324083 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

15.01.2010 թվականին «Տրանսպորտային միջոցների ապահովագրության թիվ MC/021306 վկայագրի» համաձայն` Ընկերությունն ապահովագրել է «Հայկական Բարեգործական Ընդհանուր միության Հայաստանյան Ներկայացուցչությանը» պատկանող «Տոյոտա Hiace 2,7 Gas» մակնիշի 2008թ. արտադրության ավտոմեքենան։ 13.07.2010 թվականին Ա.Սարոյանի կողմից Ընկերությանը ներկայացվել է «Տրանսպորտային միջոցների ՃՏՊ»-ի թիվ MC/10-321 դիմում, համաձայն որի` Ա.Սարոյանը 2010թ. հուլիսի 10-ին երթևեկել է Դիլիջան քաղաքից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Մյասնիկյան պողոտա, գազանանոցի դիմաց երթևեկել է երրորդ երթևեկելի գոտիով մոտ 30-40 կմ/ժ արագությամբ։ Այդ ժամանակ, իր Ավտոմեքենայի ձախ կողմով` երկրորդ երթևեկելի գոտիով երթևեկում էր «BMW» մակնիշի մեքենան։ Գազանանոցի դիմացի կողմում շինարարական աշխատանքներ էին կատարվում փողոցի վրա և առաջին երթևեկելի և երկրորդ երթևեկելու գոտու կեսը փակված էր։ Հասնելով այդ հատվածին` «BMW» մակնիշի մեքենայի վարորդը ցանկացավ վերադասավորվել երկրորդ երթևեկելի գոտուց երրորդ երթևեկելի գոտի և բախվեց իր Ավտոմեքենայի աջ կողային հատվածին։

Եզրակացությամբ նշվել է, որ` Ա.Սարոյանը, երթևեկելով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի կողմից 30-40 կմ-ժ արագությամբ ձախ եզրային գոտիով դեպի Հերացու փողոցի ուղղությամբ, չհասած Մյասնիկյան պողոտայում գտնվող «Արաքս» բենզալցակայանի դիմաց, որտեղ ճանապարհը, կատարվող շինարարական աշխատանքների պատճառով նեղացել է` երեք երթևեկելի գոտուց վերածվել է երկու երթևեկելի գոտու, առանց երթևեկելի գոտին փոխելու մուտք է գործել ճանապարհի նշված նեղացած հատված և կողանցում կատարելով աջ եզրային գոտով համընթաց ուղղությամբ երթևեկող` Ա.Մինասյանին պատկանող և վերջինիս կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմոբիլին, թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ՃԵԿ-ի 62-րդ պահանջների խախտումներ, այն է` չի պահպանել անվտանգ միջկողային տարածություն իր կողմից վարվող ավտոմոբիլի և վերջինիս միջև, որի հետևանքով իր վարած ավտոմոբիլի աջ կողային մասով բախվել է «BMW» մակնիշի ավտոմոբիլի ձախ կողային մասին և պատճառել գույքի վնասում։

Դատարանը գտել է, որ նման պայմաններում վազանց կատարելը երթևեկության վտանգավոր իրավիճակ ստեղծելու տեսակետից մեծ ռիսկ է պարունակում, մանավանդ որ, եթե նկատի ունենանք այն փաստը, որ վթարից առաջ «Տոյոտա Hiace» ավտոմեքենայի վարորդը` սույն գործով հայցվոր Ա.Սարոյանը, ձայնային ազդանշանով չի նախազգուշացրել «BMW» ավտոմեքենայի վարորդ` սույն գործով երրորդ անձ Ա.Մինասյանին, իր մտադրության մասին, որը ճանապարհի տվյալ հատվածում անհրաժեշտ էր այն պարզ պատճառով, որ մինչ այդ երեք գոտիանոց հատվածը վերածվել էր երկու գոտիանոց հատվածի։ Այդ պատճառով նա հաշվի չի առել այն հանգամանքը, որ «BMW» ավտոմեքենան իրեն հատկացված 3 մետր գոտու շրջանակներում կարող է և ուղղակիորեն դեպի ձախ, բայց աննշան մանևրում կատարել` չմտնելով երկրորդ գոտու հատված, կամ թեկուզև մտնելով` իր հերթին դիմացից ընթացող մեքենան վազանցելու նպատակով։

Դատարանն այդ եզրահանգմանն է եկել՝ հիմնվում է այն փաստի վրա, որ «Տոյոտա Hiace» ավտոմեքենան վազանց է ձեռնարկել ճանապարհի մի հատվածում, որտեղ դա անելու համար խիստ զգուշավորություն պետք է ցուցաբերվեր, որը նրա կողմից չի դրսևորվել։

Սույն գործով դատարանը վճռեց հայցը մերժել:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել