Ստացված հարվածների արդյունքում զրկվեց փայծախից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Էրիկ Մ.-ի:

Ինչպես տեղեկացանք www.datalex.am կայքից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. հուլիս-օգոստոսին գնացել է ԼՂՀ Ասկերանի շրջան` Բերքաձոր գյուղի բնակչուհի Արմինեի տուն, որտեղ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, ինչի հետևաքով Արմինեին պատճառվել է փայծախի սուբկապսուլյար վնասվածք, իսկ հետագայում փայծախը հեռացվել է:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Նյութում ներկայացված անունները հասկանալի պատճառներով փոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել