Առանց աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու՝ պահանջում էր հարկադիր պարապուրդ

Է.Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության` աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարտապուրդի ժամանակաշրջանի համար վճարում կատարելու պահանջների մասին։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռով գործի վարույթը կարճել է։ Նշված վճռի դեմ Է.Հարությունյանը բերել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. հունիսի 26-ի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել ՀՀ վարչական դատարան` նոր քննության։

Հայցվորը նշել է, որ 29.08.2007 թվականին իր և Պատասխանողի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, ըստ որի ինքը նշանակվել է աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության առաջատար մասնագետ, իսկ 03.08.2009 թվականին նշանակվել է աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության առաջատար մասնագետի համայքային ծառայության պաշտոնին, ստանալով համայնքային ծառայության երրորդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։ 19.12.2011 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացվել է գրություն, ըստ որի` Հայցվորը 2011 թվականի դեկտեմբերի 16-ին աշխատանքի է ներկայացել ալկոհոլ օգտագործած։ Նմանատիպ զեկուցագիր` ստորագրված առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների կողմից, ներկայացվել է նաև 22.12.2011 թվականին։ Վերջինիս կապակցությամբ Հայցվորը տվել է բացատրագիր, որով հերքել է ալկոհոլ օգտագործած աշխատանքի ներկայանալու մեղադրանքը։

Այնուհետև, 13.01.2012 թվականին, 16.01.2012 թվականին և 17.01.2012 թվականին կազմվել են նույնանման ակտեր, համաձայն որոնց` Հայցվորը նշված օրերին ժամը 14։00-ից մինչև 18։00 բացակայել է աշխատանքի վայրից։ 29.02.2012 թվականի թիվ 38-Ա հրամանով, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը համաձայնություն է տվել Պատասխանողի կողմից Հայցվորի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի կիրառմանը։ Հայտնել է, որ դրանից հետո Պատասխանողը 02.03.2012 թվականի թիվ 383-Ա հրամանով իր նկատմամբ կիրառել է միանգամից երկու տույժ «խիստ նկատողություն» և »զբաղեցրած պաշտոնից ազատում«։

Դատարանի եզրակացմամբ՝ օրենսդիրը որպես համայնքային ծառայողին պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի դիմաց հատուցում ստանալու միակ պայման նախատեսել է համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչված լինելու հանգամանքը։ Տվյալ դեպքում, հայցվորը ներկայացրել է իրեն աշխատանքում վերականգնվելու և հարկադրված պարապուրդի ժամանակաշրջանի համար վճարել պարտավորեցնելու պահանջ, մինչդեռ դատարանը փաստել է, որ հայցվորը չի վիճարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 02.03.2012 թվականի թիվ 383-Ա հրամանը, որով ազատվել է զբաղեցված պաշտոնից, և նշված հրամանը որևէ այլ դատական ակտով անվավեր չի ճանաչվել, այսինքն` բացակայում է համայնքային ծառայողին պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի դիմաց հատուցում ստանալու հիմքը, այն է` համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու հանգամանքը։

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել