«Զեյթուն Շուկա» ՍՊԸ-ն ավելի քան մեկ ու կես միլիոն ՀՀ դրամ հարկ չի վճարի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոր-Նորքի հարկային տեսչությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Զեյթուն Շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 1.796.946 դրամ բռնագանձելու պահանջի մասին, իսկ «Զեյթուն Շուկա» ՍՊԸ-ն հակընդդեմ հայց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոր-Նորքի հարկային տեսչության` 14.04.2011 թվականի թիվ 2333786 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ պատասխանողի մոտ համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ պետի 27.01.2011թ. թիվ 2333786 հանձնարարագրի` ՀՀ ԿԱ ՊԵԿ Քանաքեռ-Զեյթուն ՀՏ բաժնի աշխատակիցների կողմից կատարվել է ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգում։ Ստուգման արդյունքում 14.04.2011թ. կազմվել է թիվ 2333786 ստուգման ակտը, որով պատասխանողին առաջադրվել է ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 3.543.850 դրամ հարկային պարտավորություն, որից մարվել է 1.751.904 դրամ գումարը, իսկ 1.791.976 դրամը չի վճարվել։

Ակտի դեմ «Զեյթուն Շուկա» ՍՊԸ-ի կողմից բերվել է գանգատ: Քննարկելով վերը նշված ակտի դեմ «Զեյթուն Շուկա» ՍՊ ընկերության կողմից բերված գանգատը` ՀՀ ԿԱ ՊԵԿ Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը 07.10.2011 թվականի թիվ 53/2 որոշմամբ ստուգման ակտը թողել է անփոփոխ։

Առևտրի իրականացման վայրի տեսակները սահմանված են «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում: Oրենսդիրը սահմանել է առևտրի իրականացման վայրի 6 տեսակ, մինչդեռ դրանցից լիցենզավորման ենթակա է դիտել ընդամենը 3-ը։ Լիցենզավորման ենթակա գործունեությունների երեք տեսակները հստակ սահմանված են հենց այն իրավական ակտում, որի խախտում է վերագրվել պատասխանող ընկերությանը։ Փաստորեն, ընկերության կողմից իրականացված գործունեության տեսակը լիցենզավորման ենթակա լինելու փաստը հաստատված համարելու և նրան խախտում վերագրելու համար ստուգումն իրականացրած անձինք պետք է ակտում նշեին, թե ընկերությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 3.1-րդ հոդվածի 1-ին կետում նշված լիցենզավորման ենթակա գործունեության երեք տեսակից կոնկրետ որ տեսակն է իրականացրել։

Դատարանը գտել է, որ ակտը պետք է ձևակերպված լինի հստակ և հասկանալի, վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրված լինի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում, և այլն։ Տվյալ դեպքում ակտում հստակ չի նշվել, թե «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 3.1-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված գործունեության տեսակներից որն է իրականացրել հայցվոր ընկերությունը, ինչն արդեն իսկ հիմք է այն անվավեր ճանաչելու համար, քանի որ ակտը չի համապատասխանում օրենքի պահանջին:

Դատարանը վճռեց հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել