Վճռաբեկ դատարանի նախագահն ընդունել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագծի փորձագիտական խմբի անդամներն

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մայիսի 6-ին ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագծի փորձագիտական խմբի անդամներ Պրոֆ. Դոկտոր Ռոլֆ Կնիպերին, Պրոֆ. Դոկտոր Հանս-Յոախիմ Շրամին (Բրեմենի համալսարան), Պրոֆ. Դոկտոր Լադո Չանթուրիանին (Թբիլիսիի և Կիևի համալսարաններ): Հանդիպմանը ներկա էր նաև GIZ գերմանական կազմակերպության «Հարավային կովկասում իրավական բարեփոխումների» հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամետի տեղեկատվական կենտրոնից:

Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կողմից ներկայացվեց Հայաստանում գործող դատական համակարգի ընդհանուր կառուցվածքը` ընդգծելով մասնագիտացված դատարանների և դատավորների դերը: Ներկայացվեց նաև Վճռաբեկ դատարանի առաքելությունն օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման հարցում:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցին, պարոն Կնիպերը և պարոն Չանթուրիան բարձր գնահատեցին օրենսգրքի կարգավորվածության մակարդակը: Արձանագրվեց նաև, որ մոդելային օրենսգրքի հիման վրա ընդունված հետխորհրդային օրենսգրքերից Հայասատանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լավագույններից է, իսկ դրանում կատարված փոփոխությունների քիչ լինելը խոսում է հատկապես ինստիտուցիոնալ կարգավորվածության բարձր մակարդակի մասին:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ունեն ուղղորդող և մեկնաբանող նշանակություն օրենսդրության կիրառման համար, և առավել արդյունավետ կլիներ այդ դիրքորոշումների հաշվառմամբ օրենսդրական փոփոխությունների առաջարկների ներկայացումը:

Քննարկվեց նաև գործարքների անվավեր ճանաչելը արբիտրաժներին վերապահելու հնարավորության մասին:

 

Լուսանկարը` dataran.am

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել