Ասում են՝ ո՞նց է, որ Շուռնուխ գյուղից արևելք ադրբեջանցիներ են կանգնած, ասում ենք՝ մի պարզ պատճառով․ Փաշինյան

Հայաստանի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 17-ին, Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

«Ասում են՝ մենք ինչպե՞ս ենք մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու: Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: Զուտ անվտանգային նկատառումներով մենք Ռուսաստանի հետ ունենք միացյալ զորախումբ, կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Եվ այդ պայմանագրերի տրամաբանությունը հետևյալի մասին է՝ հարձակումը ՀՀ-ի վրա, նշանակում է հարձակում ՌԴ-ի վրա: Եվ մենք այստեղ միասնական անվտանգային համակարգ ունենք»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ շատերի մոտ հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ Արցախյան պատերազմի ընթացքում այդ համակարգը չաշխատեց այնպես, ինչպես ժողովուրդը կուզեր․ «Դրա համար մի պարզ պատճառ կա՝ ըստ էության, այդ անվտանգային համակարգը տարածվում է ՀՀ այն սահմանների վրա, որոնք ՀՀ-ն 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանել է:

Ասում են՝ ո՞նց է, որ Շուռնուխ գյուղից արևելք ադրբեջանցիներ են կանգնած, ասում ենք՝ մի պարզ պատճառով. 2010-ին ընդունվել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ գրված է՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանն է, ասում են՝ ոնց է՝ Սոթքից այն կողմ ադրբեջանցիներն են, ասում ենք՝ նույն օրենքում գրել են՝ ՀՀ սահմանը ավարտվում է Սոթքով, և դրանից այն կողմ Ադրբեջանն է»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել