Երաշխավորությունը պարտավորության կատարման ապահովման եղանակ է:
Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:
Երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է երաշխավորության պայմանագրի անվավերությանը:
Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:
Երաշխավորը պարտապանին մատուցած ծառայությունների համար կարող է պահանջել վարձատրություն:
Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները:
Պարտավորությունը երաշխավորի կողմից կատարելուց հետո պարտատերը պարտավոր է երաշխավորին հանձնել պարտապանի դեմ ունեցած իր պահանջը հավաստող փաստաթղթերը և փոխանցել այդ պահանջն ապահովող իրավունքները:
Աղբյուրը Իրավաբան.net