Աբովյան քաղաքի դատարանում շարունակվում է Արման Չ.-ին սպանության հոդվածով առաջադրված մեղադրանքի դատաքննությունը:
Ըստ մեղադրական եզրակացության` նա 2011թ. նոյեմբերի 6-ին քրոջը՝ Լիլիթ Ն.-ին ծեծելու և նվաստացնելու համար իրենց տանը վիճաբանել է քրոջ ամուսին Հովհաննես Ն.-ի հետ:
Այնուհետև պարզաբանումներ կատարելու համար Հովհաննես Ն.-ի հետ, գործով չպարզված տաքսի ավտոմեքենայով ժամը 23:00-ի սահմաններում գնացել են Կոտայքի մարզի Նոր֊ Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասով անցնող «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի մոտ և շարունակել են վիճաբանությունը:
Այդ ընթացքում Արման Չ.-ն գրպանում պահվող դանակով, Հովհաննես Ն.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և ձախ բազքին:
Հարվածների արդյունքում պատճառել է թափանցող բնույթի վերք՝ թոքահյուսվածքի վնասումով: Ապա նրան հրել և գցել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարը: Քրոջ ամուսնու դին 2012 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում:
Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել ու գործին կցվել դիակի հագին եղած հագուստները, հանցագործության գործիք հանդիսացող դանակը և«Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը:
Արման Չ.-ն կալանավորված է:
Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net