Ընկերուհու ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու հետևանքները

Մանվել Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 17.00-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգ, Մառի փողոց X շենքի բակում շուրջ 10 րոպե տևողությամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, խուլիգանական գործողություններով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը` բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի X և դրա հարակից շենքերի բնակիչների նկատմամբ, ինչի ընթացքում վնասել է այդ պահին շենքի բակում կայանված, Վլադիմիր Հ.-ին պատկանող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան: Այսպես, 2012 դեկտեմբերի 23-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Մանվել Ս.-ն ընկերուհուն`Հռիփսիմե Ա.-ին իր անձնական օգտագործման «Լադա պրիորա» մակնիշի ավտոմեքենայով ուղեկցել է վերջինիս բնակության` Մառի փողոցի X շենքի բակ և կայանել:

Այդ ընթացքում Մանվել Ս.-ը լսելով իր մեքենայի մոտ կանգնած Վիգեն Հ.-ի կողմից հնչեցրած հայհոյանքները անմիջապես իջել է մեքենայից և հիշյալ առիթով վիճաբանության բռնվել վերջինիս հետ և բռունցքով հարվածներ է հասցրել նրան և սեռական բնույթի հայհոյանքներ հասցեագրել, սակայն կողմնակի անձանց միջամտությամբ վեճը դադրել է:

Չհամակերպելով ստեղծված իրավիճակի հետ` սեփական անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում, մի խումբ անձանց հետ վերադարձել է հիշյալ շենքի բակ և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Նոր Նորքի 5-րդ զանգ, Մառի X և դրա հարակից շենքերի բնակիչների նկատմամբ` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է ուրիշի գույքը վնասնելով, այն է` շուրջ 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հասցեագրել Վիգեն Հ.-ին և նրա ընտանիքի անդամներին, միաժամանակ ձեռքին ընկած առարկաներով դիտավորությամբ վնասել այդ պահին շենքի բակում կայանված Վիգեն Հ.-ի եղբոր` Վլադիմիր Հ.-ին պատկանող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի առջևի և հետին ապակիները և ծածկոցը, որպիսի խուլիգանական գործողությունները խափանվել են հիշյալ շենքի հարևանների միջամտությամբ:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել