Հայեցողական լիազորությունն օրենքով վարչական մարմնին վերապահված իրավունք է` ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը:
Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:
«Օրինակ, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչական պատասխանատվություն է նախատեսում օգտագործողների կողմից տրակտորների, կոմբայնների, գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների տեխնիկական շահագործման կանոնների և անվտանգության տեխնիկայի կանոնների կոպիտ խախտման համար: Այս խախտումների վերաբերյալ գործերը քննում են Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինները, և նշված խախտման համար իրավասու են կիրառել հետևյալ վարչական տույժերից մեկը՝ տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ այդ մեքենաները վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ ամիս ժամանակով: Այսինքն այս երկու տույժերից մեկն ընտրելու հարցում իրավասու վարչական մարմինը պետք է առաջնորդվի ոչ թե իր հայեցողությամբ, այլ վարչարարության իրականացման համաչափության, կամայականության արգելքի և այլ սկզբունքներով»,-մեկնաբանում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net