Կ.Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի գործողությունը՝ 20.07.2012 թվականի թիվ 07/20.1/3644-12 գրությունը, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
Դիմելով Դատարան՝ հայցվորը հայտնել է, որ իր 2012թ. hուլիսի 10-ի թիվ 21 գրությամբ, խնդրել է տրամադրել որոշակի փաստաթղթեր և տեղեկություններ պատասխանողի աշխատակազմի ղեկավարի 20.02.2012թ. թիվ 157-Ա Հրամանի օրինականությունը պարզելու և դրա հնարավոր բողոքարկման համար։ Գրությունում որպես հիմք հիշատակել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը։ Նշված Հրամանով պատասխանողի աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության վերլուծության և դատական ներկայացուցչության բաժնի գլխավոր մասնագետ Ն.Ք.-ի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
Պատասխանողի աշխատակազմի ղեկավարի 20.07.2012թ. թիվ 07/20.1/3644-12 գրությամբ հայցվորի խնդրանքը մերժվել է՝ որպես մերժման հիմք նշելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134 հոդվածի 1-ին և 5-րդ կետերը, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։
Հայցվորի պնդմամբ՝ պատասխանողի գրության բովանդակությունը չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից, ուստի այն ոչ իրավաչափ է:
Դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել մի գործողություն, որը դեռևս չի կորցրել իր իրավաբանական ուժը։ Դատարանի գնահատմամբ այն դեռևս իրավաբանական ուժ ունեցող գործողություն (անգործություն) է, քանի որ հայցվորի կողմից հայցվող տեղեկատվությունը վերջինս դեռևս չի ստացել։ Ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված հայցատեսակի համար առաջադրվող հատկանիշները առկա չեն։ Նշվածից ելնելով Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից իրավունքի դատական պաշտպանության սխալ միջոց է ընտրվել։ Որպիսի հանգամանքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն հիմք է վարչական գործի վարույթը կարճելու համար։
Ուստի դատարանը վճռեց վարչական գործի վարույթը կարճել։
Աղբյուրը` Իրավաբան.net