Նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2021թ. մարտի 7-ին՝ ժամը 19։10-ին, «Նոյեմբերյան ԲԿ» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերությունից հետո մահացել է իգական սեռի նորածին երեխան: 

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲ ընկերության գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Լոռու մարզի 22-ամյա բնակչուհի, որը ծննդաբերել է իգական սեռի երեխա, սակայն նորածինը մահացել է: 

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: 

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից վերցվել է կնոջ ծննդաբերության պատմագիրը, կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ: 

Կատարվում է նախաքննություն: 

Հավելենք, որ  Իրավաբան.net-ը խոսել է Տավուշի մարզպետարանի աշխատանքի և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանի հետ, ով ասաց, որ երեխան մահացած է ծնվել:

«Երեխան ծնվել է պորտալարը կրկնակի փաթաթված վզին, խեղդամահ եղած այսինքն, երեխան այդպես է ծնվել»,- Ռուբեն Տիգրանյանի խոսքով իրեն այդպես հայտնել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը:

«Մինչև էքսպերտիզա չիրականացվի, եզրակացությունը չլինի, համապատասխան որոշում չլինի, չենք կարող ասել, որ բժիշկը մեղք ունի կամ չունի, որն է մահվան պատճառը, և այլն»,-նշեց նա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել