Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը։
Իրավաբան․net-ը մաս-մաս ներկայացնում է այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղ են գտել նոր նախագծում։
Ընտրական ցուցակները կազմելիս նախագծով յուրաքանչյուրի ընտրական ցուցակում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 3-6, 6-9 և այդպես շարունակ՝ մինչև ցուցակի ավարտը) պետք է ընդգրկված լինի պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների առնվազն մեկական ներկայացուցիչ, իսկ ամբողջ ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 65 տոկոսը։
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին։ Յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ։ Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկվելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում։
Զինծառայողներն իրավունք կունենան հետևելու նախընտրական քարոզչությանը ծառայողական պարտականությունների իրականացումից ազատ ժամերին կամ օրերին։
Արգելվելու է զինվորական ծառայությունում ստորադասության (ենթակայության) հարաբերությունների օգտագործումը ստորադաս (ենթակա) զինծառայողների՝ նախընտրական քարոզչությանը հետևելու՝ սույն հոդվածով նախատեսված իրավունքի իրականացումն անհիմն սահմանափակելու կամ այլ կերպ խոչընդոտելու նպատակով։
Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկում նշվելու է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները։
Եթե որևէ կուսակցություն ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի 50 տոկոսը, ապա այդ կուսակցությունն ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որի արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս։
Նոր նախագծով սահմանվում է նաև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը և անցկացումը, թեկնածուների առաջադրումը և գրանցումը։
«1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրը։
2. Ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով տեղի չունեցած համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հերթական ընտրությունը նշանակվում է մարզպետի որոշմամբ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Կառավարության որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո, ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում։
3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 21 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն։
4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21 և ոչ ուշ, քան 19 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն։
5. Ընտրական տեղամասերը կազմավորվում, իսկ տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ։ Ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 17 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում»,-նշվում է նախագծում։