Մենք նախագահ չունենք, մենք ունենք հարուստ տուրիստ․ Վազգեն Մանուկյան

Մենք փակելու ենք Ազգային ժողովի բոլոր մուտքերը, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա աշխատել: Այս մասին Բաղրամյան պողոտայում իրականացվող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը:

Նա կոչ է արել քաղաքացիներին փակել բոլոր մուտքերը, քանի դեռ ԱԺ-ն չի պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

«Մենք այնտեղ նույնպես փակելու ենք մուտքը, վրաններ խփենք, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այդ շենք: ԱԺ-ն կաշխատի միայն այն ժամանակ, երբ ընդունի հարիր որոշում»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Շարժման ղեկավարը նաև բեմից հայտարարեց, որ երկիրը չունի գործող նախագահ: «Այս ամենը այլ կերպ կլիներ, եթե մենք ունենայինք նախագահ, բայց մենք նախագահ չունենք, մենք ունենք հարուստ տուրիստ, որը ապրում է դղյակում։ Մի քանի օր առաջ այստեղ մի երիտասարդ էր խոսում և հարցնում էր՝ Նիկոլին մի կողմ դնենք, ո՞նց եղավ, որ նախորդ սերունդը մեզ պարգևեց անկախ պետություն, հզոր բանակ, հաղթանակներ, ժողովրդավարության և ազատության սաղմեր, իսկ այն սերունդը, որը ծնվեց արդեն անկախության օրոք կորցրեց այդ ամեն ինչը, ո՞րն է պատճառը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա նաև նշեց, որ խնդիրը կոռուպցիայի կամ էլ ընտրությունների կարգի խախտման մեջ չէ: «Այդ հարցի պատասխանը բանալի է մեր ապագայի համար և կա հեշտ պատասխան, որովհետև մեր երկրում կար կոռուպցիա և խախտվում էին ընտրությունները, բայց Ադրբեջանում ավելի շատ կար կոռուպցիա և ավելի շատ էին խախտվում ընտրությունները, բայց բանալին այդտեղ չէ: Ես կոչ եմ անում բոլորին մտածել դրա մասին, ես գիտեմ դա, բայց ուզում եմ բոլորդ պատասխանեք»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Շարժման ղեկավարը նաև ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմը կանգնեցրել է, երբ երկիրը ծանրագույն վիճակում էր, հիմա նույնպես կհեռանա, երբ երկիրը լինի ծանրագույն վիճակում:

«Նիկոլ Փաշինյանը ունի զարմանալի հատկություն ինքը ուզում է ամեն հարց այնպես լուծի, որ մաքսիմալ վնաս տա մեր պետությանը, պատերազմի ժամանակ 4-րդ օրը ասում էին՝ պատերազմը կանգնեցրու, բայց նա ավարտեց այն ժամանակ, երբ մենք ամենածանր վիճակում էինք և նույնը կանի այժմ»,- ասաց նա:

Նշենք, որ այս պահին ոստիկանները փորձում են թույլ չտալ քաղաքացիների կողմից ԱԺ շենքի շրջափակումը։

Սաղաթելյանը հորդորում է ոստիկանությանը դադարեցնել ուժերի կուտակումը, իրենք կանգնելու են ԱԺ մուտքի մոտ։ Դիմելով քաղաքացիներին՝ նա հորդորեց պատից այս կողմ գալ․ «Մենք պատի ներսի հետ գործ չունենք։ Մեր այստեղ հավաքվելը մի նպատակ ունի, այս շենք մտնելու փորձ որևէ մեկը չանի։ Մենք այդ սադրանքին չենք գնալու, սա մեր հերթական անհնազանդության բողոքի ակցիան է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել