Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ` առհասարակ: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ:
Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել 1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ 2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ»։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: