Օրենքի իրավացիորեն պաշտպանում է այն գույքը, որն անհրաժեշտ է անձի նվազագույն կարիքների համար և արգելում է բռնագանձում կատարել այդ գույքի վրա:
Մասնավորապես` բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա`
1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
3) այն անձանց ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), անասնակերի, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է.
4) մինչև 5.000 դրամ արժողությամբ գույք, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.
5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցներ:
Աղբյուրը` Իրավաբան.net