ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․
«Անդրադառնալով սոցիալական հարթակում մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը՝ հարկ է նշել, որ համաճարակի պայմաններում մանկապարտեզներում կիրառվող սահմանափակումներն ուղղված են եղել զսպելու վարակի տարածումը և պաշտպանելու մեր բնակչության առողջությունը:
Ելնելով հունվարին ՀՀ-ում համաճարակային կայուն իրավիճակից՝ առողջապահության նախարարությունում քննարկում է կազմակերպվել լիազոր մարմինների` Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հետ: Արդյունքում, վերջիններիս կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա, նախադպրոցական կազմակերպությունների համար կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններ սահմանող իրավական ակտում կատարվել են սահմանփակումները մեղմացնող փոփոխություններ։ Մեղմացվել են երեխաների ընդունելության կանոնները, սոցիալական հեռավորության պահանջը՝ 1,5 մետրի փոխարեն սահմանելով 1 մետր, երեխաների թիվը խմբում 18-ից դարձել է 20:
Հարկ է նշել, որ անվտանգության կանոններ սահմանելով առաջին հերթին հաշվի է առնվում երեխայի առողջության անվտանգության ապահովման խնդիրը, իսկ անվտանգության կանոններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, սահմանվում են ԱՀԿ առաջարկների հիման վրա:
Երևանի քաղաքապետարանի կողմից միայն վերջերս’ ավելի ստույգ մարտի 1-ին են ներկայացվել սահամանափակումների մեղմացման վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ, որոնք դեռևս քննարկման փուլում են:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 3487 դեպք (հ.ց. 117.8 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (2252 դեպք, հ.ց. 76.1 դեպք ըստ 100.000 բնակչության) աճել է 55%-ով»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված:
Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում:
Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները:
Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը:
Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա»։