Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.
1) ոստիկանության կրտսեր կոչումներ`
– ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,
– ոստիկանության սերժանտ` 2 տարի,
– ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,
– ոստիկանության ավագ` 3 տարի,
– ոստիկանության ենթասպա` 4 տարի:
Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.
2) ոստիկանության միջին կոչումներ`
– ոստիկանության կրտսեր լեյտենանտ` 1 տարի,
– ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,
– ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,
– ոստիկանության կապիտան` 3 տարի,
– ոստիկանության մայոր` 4 տարի.
21) ոստիկանության ավագ կոչում`
– ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.
3) ոստիկանության գլխավոր կոչում`
– ոստիկանության գնդապետ:
Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:
Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ոստիկանությունում կամ այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դատախազության դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դատախազության դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում:
Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, արդարադատության նախարարության դասային կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դասային աստիճանների և ոստիկանության կոչումների համապատասխանությունը հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին օրենքով նախատեսված պաշտոնների նշանակելիս կամ ոստիկանության ծառայողին համապատասխան պաշտոնների նշանակելիս:
Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:
Աղբյուրը` Իրավաբան.net