Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 15-րդ հոդվածում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան հռչակել է, որ «յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք» և որ «ոչ ոքի չի կարելի կամայականորեն զրկել իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից»:
Ահա այս գաղափարը կյանքի կոչելու համար, ինչպես նաև ցանկանալով համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության հետ՝ ի նպաստ անկախ սեռից բոլորի համար մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքին և պահպանմանը, պայմանավորվող պետությունները ստորագրել են «Ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին» կոնվենցիան (29 հունվարի 1957թ.):
Կոնվենցիայով մասնավորապես սահմանվում է.
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է, որ ոչ իր քաղաքացիներից որևէ մեկի և օտարերկրացու ամուսնությունը, ոչ նրանց ամուսնալուծությունը, ոչ ամուսնության ընթացքում ամուսնու կողմից քաղաքացիությունը փոխելն ինքնաբերաբար չեն ազդում կնոջ քաղաքացիության վրա:
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է, որ ոչ իր քաղաքացիներից որևէ մեկի կողմից որևէ պետության քաղաքացիության կամավոր ձեռքբերումը, ոչ իր քաղաքացիներից որևէ մեկի հրաժարումը քաղաքացիությունից չեն խոչընդոտի այդ քաղաքացու կնոջը՝ պահպանելու իր քաղաքացիությունը:
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է, որ իր քաղաքացիներից որևէ մեկի հետ ամուսնացած օտարերկրացի կինը կարող է իր խնդրանքով ձեռք բերել իր ամուսնու քաղաքացիությունը՝ հպատակագրման հատուկ արտոնյալ ընթացակարգով: Նման կարգով քաղաքացիության շնորհումը կարող է ենթարկվել այնպիսի սահմանափակումների, որոնք կարող են նախատեսվել ի շահ պետական անվտանգության կամ պետական քաղաքականության:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի օգոստոսի 16-ից:
Աղբյուրը` Իրավաբան.net