«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունները մարված ճանաչելու, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության 21.05.2012թ. թիվ 016057 որոշումը մասնակի վերացնելու, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչությանը պարտավորեցնելու ընդունելու բարենպաստ վարչական ակտ` հարկ վճարողի շարժական գույքի վրա արգելանք դնելու մասին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության պետ Վ. Խալաթյանին, իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնի պետ Խ. Մաղաքյանին և նույն բաժնի գլխավոր մասնագետ Վ. Ավետիսյանին անգործունյա ճանաչելու պահանջների մասին։
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը` դատարանը գտել է, որ հայցադիմումը ենթակա է միայն մի մասով վարույթ ընդունելու` հետևյալ պատճառաբանությամբ։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-68-րդ հոդվածներով սահմանված են այն հայցատեսակները, որոնք կարող են ներկայացվել ՀՀ վարչական դատարան։
Դրանցով սահմանված չէ որևէ տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունները մարված ճանաչելու, ինչպես նաև որևէ պետական կամ այլ ծառայողի կամ աշխատակցի անգործունյա ճանաչելու հայցատեսակ։
Հետևաբար, դատարանը գտնում է, որ սույն հայցադիմումով առաջադրված պահանջներից միայն երկուսն են ենթակա վարույթ ընդունելու. 2012 թվականի մայիսի 21-ի թիվ 016057 որոշումը մասնակի վերացնելու պահանջը, որը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցատեսակ է, ինչպես նաև հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու մասին պահանջը, որը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակ է։
Աղբյուրը` Իրավաբան.net