ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում թեկնածությունն այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում, այսօր հունվարի 13-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպում է ունեցել։
Հանդիպումից հետո նա պատասխանել է լրագրողների մի քանի հարցի։
Այն դիտարկմանը, որ իրավապաշտպանների շրջանում կա մտահոգություն, որ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող օբյեկտիվ Բարձրագույն դատական խորդի անդամ լինել՝ մատնանշելով Մատաղիսի գործն իր զինդատախազ եղած ժամանակ, թե իր կառավարման տարիներին կոծկվել են մի շարք հանցագործություններ, Ջհանգիրյանն արձագանքեց. «Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ։ Բա հիմա 2 տարի Քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է, բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում, և չեն առաջադրել նաև նախորդ իշխանությունները, որ ես այդտեղ հանցագործություն եմ կատարել։
Ինձ 2008 թվականին ինձ մեղադրել էին ոստիկանին հրելու համար, բա թող գտնեին մի լուրջ մեղադրանք, պաշտոնական դիրքի չարաշահում, մի չգիտեմ ինչ․․․ սպանությունների կոծում և ինձ լուրջ մեղադրանքով դատեին եկարաժամկետ ազատազրկման։
Մատաղիսի գործով, երբ այդ դատապարտյալները ազատվել են կալանքից և բաց են թողնվել, չեն արդարացվել, ես արդեն պաշտոնավարել եմ Գլխավոր դատախազությունում, զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը։ Լրացուցիչ նախաքննության արդյունքներում նոր զինվորական դատախազը նույն մեղադրյալներին, ամբաստանյալներին, դատապարտյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացությունը նույն հոդվածներով և ուղարկել դատարան։ Դատարանում գործը քննելիս զինվորական դատախազը եղել է Կոստանյան Գևորգը։ Եվ ինքը՝ Կոստանյան Գևորգն այդ գործը տարել է մինչև վերջ։ Ինչու՞ չեք շոշափում Խաչատուրյան, Կոստանյան և այլ անունները, չէ որ երկու դատախազներ արել են նույնը՝ ինչ Ջհանգիրյանը»։
Նա նշեց, որ արդարացումից հետո անմիջապես հայտարարել է, որ ինքն իր կարծիքը չի փոխում։