Հայցադիմումի ձևին և բովանդակության ներկայացվող պահանջները չպահպանելու հետևանքները

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 28.02.2013 թվականին հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Էլեն Յուրիկի Արզումանյանի` պահանջելով վերջինիցս բռնագանձել 92.017.70 ՀՀ դրամ որպես վարկի ընդհանուր պարտքի և 1840.40 ՀՀ դրամ` որպես նախապես մուծված պետ. տուրքի գումարը:

Բանկը միաժամանակ խնդրել է ժամկետանց վարկի մնացորդի` 91.468.90 ՀՀ դրամի և տոկոսների նկատմամբ 16.11.2012թ-ից մինչև դրա փաստացի մարումը շարունակել տույժի հաշվարկը` օրական 0.2 տոկոսով` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար` հիմք ընդունելով 20.01.2012թ. կնքված վարկային պայմանագրի 11.1 կետով նախատեսված տոկոսադրույքը:

Փաստորեն, հայցվորը ներկայացրել է գումարի բռնագանձման պահանջ` որոշակի գումարից բացի պահանջելով տոկոսների նկատմամբ հաշվարկել տույժ, սակայն չի նշել, թե ինչ չափով տոկոսների վրա է պահանջում հաշվարկել և բռնագանձել օրական տույժ:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի` հայցադիմումը ներկայացվում է գրավոր:

Հայցադիմումում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.
2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.
3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.
4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.
5) հայցապահանջները հաստատող ապացույցները.
6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.
7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.
8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Ըստ էության հայցվորը չի պահպանել հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները, ուստի դատարանը վերադարձրել է հայցադիմումը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել