ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ավարտվել է թիվ 09/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրության օրը, թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը:
Գլխավոր դատախազության փոխանցմամբ` նախաքննության տվյալներով` նշված ընտրատեղամասում Գ.Ղազախեցյանի փոխարեն փորձել է քվեարկել Երեւանի քաղաքի բնակիչ Դ.Մելիք-Ստեփանյանը, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ կանխվել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մելիք-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 26.03.2013թ. ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Այսպիսով` ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, որոնցից 5 քրեական գործ` 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:
Դատարան ուղարկված գործերից 2-ի դատաքննությունը` 2 անձի վերաբերյալ, ավարտվել է: Դատարանները հիմնավորված են համարել այլ անձի փոխարեն քվեարկելու համար նշված 2 անձանց առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net