Կգրանցվի՞ Աբովյանի քաղաքային համայնքի սեփականության իրավունքը

Աբովյանի քաղաքապետարանը հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանմանը կատարելու Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող անշարժ գույքի 3/4 մասի նկատմամբ Աբովյանի քաղաքային համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում։

ՀՀ պատգամավորների Աբովյանի քաղխորհրդի գործկոմի 28.02.1994թ. թիվ 5 որոշմամբ մագնիսական ճեպընթացի մայրուղու Երևան Աբովյան հատվածի շինարարության իրացման հետ կապված Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի քանդման ենթակա թիվ 54 տան բնակիչներ Սերգեյ Պետրոսյանի ընտանիքին հատկացվել է 2 հատ 3 սենյականոց բնակարան` Աբովյան քաղաքի 4-րդ մ/շ 4-րդ շենքի 9-րդ և 4-րդ մ/շ 24-րդ շենքի 7-րդ բնակարանները և նրանք դուրս են գրվել 28.02.1994թ. 1Տ1 7 և 1Վ 9 օրդերները։ Ստանալով նշված բնակարանները` Պետրոսյանների ընտանիքը չի ազատել Երևանյան փողոցի քանդման ենթակա թիվ 54 տունը։ Հետագայում նրանք վաճառել են այդ բնակարանները։

Համաձայն ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման 5-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ հողային օրենսգրքի` Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի քանդման ենթակա 54 տունը և դրան կից հողամասը մինչև 2008թ. նոյեմբերի 13-ը հանդիսացել է Աբովյանի քաղաքային համայնքի սեփականությունը։ Հիմք ընդունելով համայնքի տնտեսության թիվ 1 գրքից քաղվածքը (գրանցման համարը 119, թվագրված` 2003թ., տրման ամիսն ու ամսաթիվը բացակայում են), 2008թ.-ի նոյեմբերի 13-ին Երևանյան փողոցի թիվ 54 տան և հողամասի նկատմամբ գրանցվել է Անժելա Պետրոսյանի սեփականության իրավունքը (13.11.2008թ. թիվ 2545915 վկայական)։

ՀՀ վարչական դատարանի 2009թ-ի սեպտեմբերի 10-ի վճռով 3/4 մասով անվավեր է ճանաչվել Աբովյան քաղաքի Երնանյան փողոցի. 54 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Անժելա Պետրոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14.03.1997թ-ի թիվ 51 որոշումը և ՀՀ վարչական դատարանի 10.09.2009թ-ի թիվ ՎԴ/1855/05/09 վճիռը, Աբովյանի քաղաքապետի 16.02.2011թ-ի թիվ 129 որոշմամբ Աբովյան քաղաքի Երնանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող անշարժ գույքի 3/4 մասը համարվել է Աբովյանի քաղաքային համայնքի սեփականությունը։

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Աբովյանի տարածքային ստորաբաժանումը մերժել է գրանցումը` պատճառաբանելով, որ ՀՀ վարչական դատարանի 10.09.2009թ-ի ՎԴ/1855/05/09 վճռից պարզ չէ` 3/4 մասի սեփականության իրավունքը ում է փոխանցվել:

Դատարանը վճռեց հայցը բավարարել։ Պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիետի Կոտայքի մարզային ստորաբաժանմանը կատարելու Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող անշարժ գույքի 3/4 մասի նկատմամբ Աբովյանի քաղաքային համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ներկայումս ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն սույն գործով վճիռը վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել