Գրիգոր Մարգարյանն ու Մերի Պռուզյանը ամուսնալուծվել են 29.03.2011թ., սակայն համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա` Սուրեն Գրիգորի Մարգարյանին:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2010թ. թիվ Արդ1/0285/02/10 վճռով Գրիգոր Մարգարյանից հօգուտ իր անչափահաս որդու բռնագանձվել է ալիմենտ:
Այժմ Գրիգոր Մարգարյանը դիմել է դատարան` խնդրելով նվազեցնել դատարանի վերը շված վճռով սահմանված ալիմենտի չափը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն` եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը, ապա դատարանը կարող է յուրաքանչյուր կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին ազատել դա վճարելուց։ Ալիմենտի չափը փոփոխելիս կամ դա վճարելուց ազատելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև կողմերի` ուշադրության արժանի շահերը։
Հայցվորը հայտնել է, որ ինքն այժմ նորից է ամուսնացել և հոգում է նաև իր մյուս երեխայի կարիքները, հնարավորություն չունի վճարելու ալիմենտ, որը նշանակվել էր դատարանի կողմից այն ժամանակ, երբ դեռևս ամուսնացած չէր և չուներ երեխա։
Հայցվորը դատարանին խնդրել է փոփոխել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2010թ. թիվ Արդ1/0285/02/10 վճռով իրենից բռնագանձվող ալիմենտի չափը և այն սահմանել 19.000ՀՀ դրամ։
Դատարանը, հաշվի առնելով կողմերի ընտանեկան և գույքային դրությունը, երեխայի շահերը, հայցը բավարարել է մասնակիորեն և փոփոխել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2010թ. թիվ Արդ1/0285/02/10 վճռով Մերի Ռաֆայելի Պռազյանի խնամքին գտնվող 23.11.2008թ.-ին ծնված Սուրեն Գրիգորի Մարգարյանի օգտին Գրիգոր Սուրենի Մարգարյանի աշխատավարձի` 113.707 /հարյուր տասներեք հազար յոթ հարյուր յոթ/ ՀՀ դրամի 1/4 չափով բռնագանձվող ալիմենտի չափը և նշանակել ալիմենտ Գրիգոր Սուրենի Մարգարյանի աշխատավարձի` ամսական 122.880 /հարյուր քսաներկու հազար ութ հարյուր ութանասուն/ ՀՀ դրամի և այլ վաստակների 1/6 չափով` մինչև երեխայի չափահաս դառնալը։
Նշենք, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի` երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝
ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.
բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.
գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը:
Ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից:
Աղբյուրը` Իրավաբան.net