Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Միքայել Դ.-ի (անունը փոխված է) :
Վերջինիս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ և 120-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է. ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել նույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածը սահմանում է, որ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Միքայելը 22.11.2011թ. Երևան քաղաքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ` Զարուհու (անունը փոխված է) հետ, որի ընթացքում երկու անգամ ձեռքով հարվածել է նրա գլխին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, 01.06.2012թ. Երևան քաղաքի փողոցներից մեկի միջնամասում բռունցքով հարվածել է Լևոն Ս.-ի (անունը փոխված է) դեմքի ձախ հատվածին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել ու անզգուշությամբ ստացել առողջության ծանր վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net