Նախ տեսնենք, թե ինչ ենք հասկանում «բանկի մասնակից» ասելով:
Այսպես` բանկի մասնակից են համարվում բանկի հիմնադիրները, բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի բաժնետերերը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի և կոոպերատիվ բանկի մասնակիցները (փայատերերը, անդամները):
Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները բանկի մասնակից կարող են լինել օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
Բանկի մասնակից չեն կարող լինել կուսակցությունները և արհեստակցական միությունները:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արգելվում է անձամբ վարել իրենց մասնակիցների ռեեստրը: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերն իրենց մասնակիցների ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան անձանց: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կոոպերատիվ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերն իրենց մասնակիցների ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել Կենտրոնական բանկին:
Աղբյուրը` Իրավաբան.net