ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Արֆարմացիա» ՓԲ ընկերության տնօրեն Ստեփան Ավանեսյանի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի առաջին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ պահպանելով նույն օրենսգրքի 40-րդ հոդվածի պահանջը:
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը և նրա ներկայացուցիչները հայտնել են, որ լեզվի պետական տեսչության պետի 27.05.2011 թվականի թիվ 005 հանձնարարագրի համաձայն՝ տեսչության լեզվական վերահսկողության բաժնի առաջատար մասնագետները ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.2-189.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումներ բացահայտելու նպատակով 2011 թվականի հունիսի 2-3-ը ստուգել են գործավարությանը, ձևաթղթին, ցուցանակին, գովազդին ներկայացվող լեզվական պահանջների կատարումը Երևան քաղաքի Պուշկինի 56 հասցեում գործող «Արֆարմացիա» ՓԲ ընկերությունում։ Հայտնաբերվել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխանող՝ գործավարությունը ոչ հայերեն վարելու իրավախախտման դեպքեր։
Վարչական իրավախախտման օբյեկտ են հանդիսացել «Արֆարմացիա» ՓԲ ընկերության և օտարերկրյա ընկերությունների միջև կնքված` ոչ հայերեն` միայն օտարալեզու պայմանագրերը, ներկրվող ապրանքների հաշիվ-ապրանքագրերը, դեղերի օգտագործման ոչ հայերեն՝ միայն օտարալեզու հրահանգները, դեղատուփերի ոչ հայերեն՝ միայն օտարալեզու պիտակավորումը, թեև արձանագրությունում` որպես վարչական իրավախախտման օբյեկտ, նշված են միայն նրանք, որոնց վերաբերյալ տրամադրվել են ապացույցներ։ Տեսչության լեզվական վերահսկողության բաժնի առաջատար մասնագետները գործավարությունը ոչ հայերեն վարելու փաստերով 03.06.2011թվականին կազմել են վարչական իրավախախտման թիվ 025 արձանագրությունը։
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը` առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկից մինչև ութuունապատիկի չափով, իuկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
Դատարանի եզրահանգմամբ՝ գործավարությունը ոչ հայերեն վարելու համար պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել գործավարության հասկացությունը, իսկ այնուհետև՝ պատասխանողի կողմից գործավարությունը ոչ հայերեն վարելու հանգամանքը, ինչպես նաև պատասխանողի գործողություններում զանցակազմի, մասնավորապես՝ մեղքի առկայությունը։ Դատարանի գնահատմամբ` գործավարությունը փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթաց է, որը ներառում է փաստաթղթերի ստեղծումը և (կամ) ձևավորումը, շրջանառության ապահովումն ու (կամ) պահպանումը։ Դատարանի նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում «գործավարություն» հասկացության հանրահայտ լինելու հանգամանքը, ինչպես նաև հայերենի մի շարք բացատրական բառարաններում, այդ թվում նաև՝ նորմատիվ, «գործավարություն» հասկացության բացատրությունները։ Ինչ վերաբերում է դեղատուփերի և դեղերի օգտագործման հրահանգների նմուշները ոչ հայերեն կազմված լինելուն, ապա դատարանը գտնում է, որ դրանք չեն կարող դիտվել որպես «Արֆարմացիա» ՓԲ ընկերության գործավարություն, քանի որ վերջինս մասնակցություն չունի դրանց կազմմանը կամ ձևավորմանը, իսկ միայն դեղերը շրջանառության մեջ դնելը կամ պահպանելը դեռևս բավարար չէ տվյալ գործողությունները որպես գործավարություն որակելու համար։
Դատարանը վճռեց հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց ՀՀ ԿԳՆ վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։
Աղբյուրը` Իրավաբան.net