Միլիտոն Ղարիբյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Սևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Անահիտ Սարիբեկյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման՝ Սևանի քաղաքապետի 2011թ. նոյեմբերի 30-ի թիվ 613 որոշման 1-ին և 2-րդ կետերը անվավեր ճանաչելու և Սևանի քաղաքապետին Սևան քաղաքի Սպանդարյան 3 հասցեում գտնվող հողատարածքի (տեղանքի) իրադրության հատակագիծը հաստատելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ 2011թ. հոկտեմբերի 7-ին իր և իր որդի Վաչագան Ղարիբյանի կողմից ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերով ընդունվել է ժառանգություն Սևան քաղաքի Սպանդարյան 3 հասցեում գտնվող տնատիրության նկատմամբ։ Ժառանգության վկայագրերով ամբողջ տնատիրությունը կազմում է 168.37 քմ՝ առանձնատունը, 65.15 քմ՝ օժանդակ շինությունները և հողամասը՝ 1.170 քմ մակերեսով։ Ժառանգական իրավունքները գրանցելու նպատակով դիմել է կադաստրի Սևանի տարածքային ստորաբաժանում, սակայն 2011թ. նոյեմբերի 11-ին իրեն հայտնվել է, որ իրավունքի պետական գրանցում չի կարող կատարվել հիշյալ հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի չափերի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի ու քարտեզագրվածի միջև եղած անհամապատասխանության պատճառով։
2011թ. դեկտեմբերի 20-ին դիմել է Սևանի քաղաքապետին՝ խնդրելով կազմակերպել քարտեզագրման աշխատանքները։ Քաղաքապետը պատասխանել է, որ համայնքը հնարավորություն չունի ֆինասավորելու քարտեզագրման աշխատանքները։ 2012թ. հունվարի 19-ին դիմել է Սևանի քաղաքապետին, կցելով հատակագիծը, և խնդրել է հաստատել այն և Սևան քաղաքի իրադրության գլխավոր հատակագծում համապատասխան ուղղում կատարելու վերաբերյալ գրավոր տեղեկացնել կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանմանը։ Սակայն 2012թ. փետրվարի 1-ին ստացել է Սևանի քաղաքապետի գրությունը, որով իրեն հայտնվել է, որ Սպանդարյան 2 տան բնակչուհի Անահիտ Սարիբեկյանի դիմումի համաձայն՝ իր կողմից ժառանգությամբ ընդունված և փաստացի զբաղեցրած հողատարածքից 413.2 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ քաղաքապետի 2011թ. նոյեմբերի 30-ի թիվ 613 որոշման 1-ին և 2-րդ կետերով ճանաչվել է Անահիտ Սարիբեկյանի սեփականության իրավունքը՝ 300 քմ հողամասի նկատմամբ, իսկ 113.2 քմ մակերեսով հողամասը ուղղակի գործարքով օտարվել է նրան։ Քանի որ իր և Սպանդարյան 2 հասցեում գտնվող հողամասերը համադրվում են, քաղաքապետը առաջարկել է վեճը լուծելու համար դիմել դատարան։
Դատարանը եզրահանգմամբ՝ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: Անահիտ Սարիբեկյանի կողմից փաստաթղթերի համեմատ ավել զբաղեցրած հողամասի մասին քարտեզագրման ժամանակ կարող էր նշում կատարվել միայն այն դեպքում, եթե ավել հողամասը՝ իրավահաստատող փաստաթղթերի համաձայն, այլ անձի չի պատկանում, բայց համայնքային կամ պետական սեփականության հող է։ Մինչդեռ Որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված հողամասը այն կայացնելու օրվանից դեռևս մեկ ամիս և 24 օր առաջ, Թորգոմ Ղարիբյանի և Կալիպես Ղարիբյանի մահից հետո՝ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայականների, սեփականության իրավունքով անցած է եղել հայցվորին և նրա որդի Վաչագան Ղարիբյանին։
Դատարանը վճռեց հացը բավարարել: Հայցը բավարարելու կապակցությամբ՝
ա) անվավեր ճանաչել Սևանի քաղաքապետի 2011թ. նոյեմբերի 30-ի թիվ 613 որոշման 1-ին և 2-րդ կետերը.
բ) պարտավորեցնել Սևանի քաղաքապետին հաստատել Սևան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հողատարածքի Տեղանքի իրադրության հատակագիծը՝ ըստ «Գեո Ինֆո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմած հատակագծի։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Սևանի քաղաքապետարանի և Անահիտ Սարիբեկյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։
Աղբյուրը` Իրավաբան.net