Վալերիյ Հովհաննիսյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` տրանսպորտային միջոցների հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին 18.02.2012թ. թիվ 17/30-392 որոշումն անվավեր ճանաչելու և Վալերիյ Հովհաննիսյանի սեփականությունը հադնիսացող «Կիա Պրայդ» մակնիշի տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում կատարել պարտավորեցնելու պահանջների մասին:
Հայցվորը հայցադիմումով հայտնել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության թույլտվության հիման վրա «Ռադիո» ՓԲԸ տնօրենի հրամանով 2007թ. սեպտեմբերի 12-ին թվով 5 տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետը լրանալու, ֆիզիկապես և բարոյապես մաշված լինելու և այդ պայմաններում վերականգնման ծախսերի աննպատակահարմար և անշահավետ լինելու կապակցությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Ռադիո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 28.09.2007թ. թիվ 08 տ.մ.-2 հրամանով «Ռադիո» ՓԲԸ-ի թիվ 1 «Ռադիոկայան» մասնաճյուղի 2007թ. հաշվեկշռից ՀՀ ֆինանսների նախարարի 1997թ. մարտի 7-ի «Լուծման ենթակա հիմնական միջոցների դուրս գրման կարգը հաստատելու մասին» թիվ 85 հրամանով դուրս են գրվել, այդ թվում՝ «Պրայդ» մակնիշի xxx պետհամարանիշի, 1993թ. արտադրության զրոյական մնացորդային արժեքով ավտոմեքենան։
27.11.2007թ. թիվ 02 հաշիվ-ֆակտուրայով «Ռադիո» ՓԲԸ-ի թիվ 1 «Ռադիոկայան» մասնաճյուղի կողմից Վալերիյ Հովհաննիսյանին է վաճառվել 1993թ. արտադրության «Պրայդ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի բլոկը, իսկ նույն օրվա թիվ 3 հաշիվ-ֆակտուրայով՝ նույն ավտոմեքենայի թափքը։ Այնուհետև Վալերիյ Հովհաննիսյանը ավտոպահեստամասերի խանութից և շուկայից գնելով 1 ապակեպատվածք, 4 հատ անվադող, փոխանցման տուփ, էլեկտրոգեներատոր և այլ անհրաժեշտ ազատ վաճառվող պահեստամասեր, հավաքել է իր տեխնիկական վիճակով շահագործման համար միանգամայն պիտանի ավտոմեքենա։
18.02.2012թ. հայցվորը դիմել է ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավարին խնդրելով հաշվառել իր սեփականությունն հանդիսացող «Պրայդ» մակնիշի ավտոմեքենան։ ՀՀ ոստիկանության ՃՈ 18.02.2012թ. թիվ 17/30-392 տրանսպորտային միջոցների հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին որոշմամբ հայցվորի կողմից տրանսպորտային միջոցի նկատմամբ հաշվառման գործողության կատարումը մերժվել է։
Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշման թիվ 1 հավելվածի 2-րդ մասի 3-րդ կետը, համաձայն որի առանձին մասերից և պահեստամասերից հավաքված տրանսպորտային միջոցները պետական գրանցման ենթակա չեն, կիրառելի չէ։ Տվյալ դեպքում կիրառելի է Հայաստանի Հանրապետության կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշման 2-րդ մասը, քանի որ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման և տրանսպորտային միջոցի պետական հաշվառման գործողությունները կատարվում են միաժամանակ, հետևաբար դրանք պետք է դիտարկել որպես մեկ միասնական գործողություն, ուստի նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողին պարտավորեցվել է կատարելու սեփականության իրավունքով հայցվորին պատկանող տրանսպորտային միջոցի պետական գրանցում, դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը`«Կիա Պրայդ» մակնիշի տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կատարել պարտավորեցնելու վերաբերյալ նույնպես հիմնավոր է և ենթակա է բավարարման։
Դատարանը վճռեց հայցը բավարարել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։
Աղբյուրը` Իրավաբան.net