Վկային կարելի է հարցաքննել գործի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, այլ վկաների անձի մասին:
Վկան հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում:
Վկան հարցաքննվում է այլ վկաներից անջատ: Ընդ որում, քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչև հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ:
Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ գործով է նա կանչվել և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունքներ: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը և սկսում է հարցաքննությունը:
Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է վկային պատմել գործով իրեն հայտնի ամեն ինչ, որից հետո նրան կարող են հարցեր տրվել:
Եթե վկան հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, որը հրավիրվում է վկայի կողմից՝ վերջինիս իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, ապա փաստաբանն իրավունք ունի ներկա գտնվելու հարցաքննությանը, սակայն իրավասու չէ հարցեր տալու վկային կամ մեկնաբանելու նրա պատասխանները: Վկայի՝ օրենքով նախատեսված իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու դեպքերում փաստաբանն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում:
Աղբյուր՝ Իրավաբան.net